Սեւանի ափամերձ անտառներում կմաքրվի եւս 15 հա անտառ
ОбществоՍեւանա լճի ափամերձ, ջրածակման ենթակա անտառներում շարունակվում են մաքրման աշխատանքները` ինչպես ջրի մեջ, այնպես էլ` ճահիճներում եւ ցամաքում:
Ինչպես տեղեկացրեց մաքրման աշխատանքներ իրականացնող «Ճամբարակի ՃՇՇՁ» ԲԲԸ գործադիր տնօրեն Արարատ Քոչարյանը, այս տարի պետական միջոցներով նախատեսված էր «Սեւան» ազգային պարկի Վարդենիսի եւ Գավառի մասնաճյուղերի անտառներում մաքրել 135 հեկտար տարածք, որից 42 –ը Նորատուսի, 93 –ը` Վարդենիսի հատվածներում:
«Չորրորդ եռամսյակում մեզ մնում է Վարդենիսի հատվածում մաքրել 15 հեկտար անտառ եւ տեղափոխել Նորատուսում ու Վարդենիսում հողի տակից հանված ծառերի արմատները եւ ջախը: Հիմա աշխատող տեխնիկայի հիմնական մասը գտնվում է Նորատուսում, որտեղից տեղափոխում եւ համապատասխան տեղ են կուտակում արմատահան արված ծառաբները եւ ջախը:
Մի քանի օրից արմատների եւ ջախի տեղափոխման աշխատանքները ամբողջ բեռնվածությամբ կտեղափոխվեն Վարդենիսի տարածք: Այս տարվա չորրորդ եռամսյակի համար մեզ մնում է իրացնել 38 միլիոն դրամի աշխատանք, որը նախատեսված է ավարտել մինչեւ տարեվերջ: Կձգտենք դրանք ավարտի հասցնել ավելի շուտ, ինչի համար կան նախադրյալներ»,- հավաստեց Արարատ Քոչարյանը: Մաքրման աշխատանքներում ընդգրկված է 12 միավոր տեխնիկա, որոնցից երկու լողացող սարքերն աշխատում են ջրում:
Խոսրով Խլղաթյան