Հայաստանում շահագործվող գնացքների վերանորոգումը կարող է անցնել ISO ստանդարտի արտոնագրմամբ
ОбществоՀայաստանի երկաթուղային ոլորտում կիրառված փորձը «Ռուսական երկաթուղիներ»-ը օգտագործելու է անվտանգության նորմատիվներ կազմելու համար, որի համար սերտորեն համագործակցում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ։ «Մենք Հարավկովկասյան երկաթուղու ճանապարհներին անվտանգության մոնիթորինգ ենք անցկացնում որպես այն կառավարող ընկերություն, բացի այդ, մենք մոնիթորինգ ենք իրականացնելու ոչ միայն ենթակառուցվածք վիճակի, այլ նաև շարժական կազմերի նկատմամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանում սեպտեմբերի 8-9-ը ընթացող ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդին կից գործող երկաթուղային տրանսպորտում անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստի ընթացքում այս մասին հայտնեց «Ռուսական երկաթուղիներ»-ի անվտանգության դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Կոսարևը։
Նա նկատեց, որ 2016 թվականին Հայաստանում շահագործվող գնացքների վերանորոգումը կարող է անցնել ISO արտոնագրմանը։ «Այս տարի ISO արտոնագրումը գործարկվել է Ռուսաստանում, իսկ հաջորդ տարի դա կկիրառվի նաև Հայաստանում։ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ արդեն ամրագրված է ISO ընտանիքի ստանդարտների վրա ապրանքների և ծառայությունների արտոնագրումը, իսկ անվտանգության կառավարման համակարգը այդտեղ կներառվի առաջին անգամ»,- շեշտեց Կոսարևը։
Նիստին մասնակցում էին Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի երկաթուղային ընկերությունների ներկայացուցիչները:
Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են միջազգային երկաթուղային հաղորդակցությունում անվտանգության ապահովման ոլորտում միասնական քաղաքականության մշակումը, երթևեկության անվտանգության հարցերի համակարգումը, երկաթուղային տրանսպորտում անվտանգության ապահովմանն ուղղված առաջարկների մշակումը: