Արաբագետները չեն բացառում մոտ ապագայում Իսլամական պետության ներթափանցումը Կենտրոնական Ասիա
ОбществоՄերձավոր Արևելքն ու հատկապես Սիրիան դեռ երկար ժամանակ կմնան միջազգային հանրության եւ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Պատճառը ոչ միայն Սիրիայում «Իսլամական պետության» ծավալած ահաբեկչական գործողություններն են, այլ նաև այն, որ «Իսլամական պետության» դեմ պայքարող միջազգային կոալիցիան դեռ վերջնականապես չի ճշգրտել իր թիրախը, ինչի հետևանքով էլ խնդրի լուծումը կարող է երկարել:
Արաբագետ Սարգիս Գրիգորյանի գնահատմամբ, միջազգային կոալիցիան «Իսլամական պետության» դեմ ցամաքային գործողություններ չի սկսում, իսկ Թուրքիան «Իսլամական պետության» դեմ պայքարի անվան տակ կրակում է քրդական բնակչության վրա:
«Վերջին օրերի իրադարձություններից պարզ դարձավ, որ իսլամիստներն անգամ քիմիական զենք են օգտագործել: Նրանք հարձակումներ են գործել Դամասկոսի վրա: Սակայն Դամասկոսում ոչ թե կառավարական ուժերի եւ ահաբեկիչների միջեւ մարտեր են, այլ «Իսլամական պետության» տարբեր խմբավորումների միջեւ զինված հարձակումներ»,- ասաց Գրիգորյանը` հավելելով, որ ներկա դրությամբ Ասադի վարչակարգը տապալելու խնդիր Արևմուտքի մոտ չկա, սակայն վերջինս դեռ լիարժեք չի ընկալում, թե որն է իր թիրախը:
Արաբագետ Հայկ Քոչարյանն էլ շեշտում է, որ չորս տարվա ընթացքում Արևմուտքը հասկացավ, որ Ասադի վարչակարգը դեռեւս այլընտրանք չունի: «Միակ ուժը, որ ներկա դրությամբ Սիրիայում ցամաքային գործողություններ է իրականացնում «Իսլամական պետության» դեմ, կառավարական ուժերն են, բանակն է եւ այս պարագայում, քանի որ առաջնային թիրախն «Իսլամական պետության» ոչնչացումն է, ապա Ասադի վարչակարգը տապալելու հարցը թեպետ օրակարգում է, սակայն արդիական չէ»,- ասաց Քոչարյանը:
«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան` Սարգիս Գրիգորյանը չբացառեց, որ եթե ժամանակի ընթացքում «Իսլամական պետության» գործողությունները չկանխվեն, ապա այդ խմբավորումը կթափանցի Կենտրոնական Ասիա: «Կովկասում արդեն վիլայեթ է ստեղծվել, ինչն արդեն մտահոգիչ է: Իսկ Կենտրոնական Ասիա թափանցելու պատճառները մի քանիսն են` «Իսլամական պետություն»-ը մրցակցում է «Ալ Քաիդա»-ի հետ, իսկ վերջինիս խմբավորումները կենտրոնական Ասիայում են: Բացի այդ, Կենտրոնական Ասիա թափանցելու եւս մեկ պատճառ կա. դա Չինաստանն է: Այնտեղ կան մեծ թվով մահմեդական ներ եւ չի բացառվում նրանց միջոցով խմբավորման ստեղծումը»,- ասաց Սարգիս Գրիգորյանը: