Սուքիաս Ավետիսյանը բարձր է գնահատում ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպման արդյունքը
ЭкономикаԱզգային ժողովի պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը կարևորում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ նախօրեին կայացած հանդիպումը՝ նկատելով, որ հիմնականում քննարկվել են առկա տնտեսական խնդիրների վերացման հետ կապված հարցեր:
«Թեև պաշտոնական տեղեկատվությունն այդ հանդիպման մասին այնքան էլ շատ չէ, սակայն պարզ է, որ հիմնականում քննարկվել են տնտեսական խնդիրները վերացնելու հետ կապված հարցեր, ինչը շատ կարևոր է մեզ համար: Հանդիպման ընթացքում պարզ է դարձել, որ Ռուսաստանը Հայաստանին 200 միլիոն դոլարի արտոնյալ վարկ է տրամադրելու, ինչպես նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում 5 տարվա ընթացքում 60 միլիոն դոլարի ներդրումներ են արվելու, ինչը նույնպես ողջունելի է»,- նշեց Ավետիսյանը:
Պատգամավորը նաև կարևորում է այն հանգամանքը, որ Ռուսաստանն արդեն հայտարարել է, որ Հայաստանին մատակարարվող գազի սակագինը սահմանի վրա 189 դոլարից նվազել 165-ի :
ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում սեպտեմբերի 7-ին: Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել են քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում փոխգործակցությանը, մտքեր փոխանակել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցերի և հետագա ծրագրերի: