Ախպրաձորում սփյուռքահայ երիտասարդները մասնակցեցին դպրոցի հիմնանորոգմանը եւ կազմակերպեցին ամառային ճամբար
ОбществоԳեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղում «Սփյուռքահայ ուսանողների միության» կողմից հերթական անգամ իրականացվել է բարեգործական ձեռնարկ, ինչի արդյունքում հիմնանորոգման աշխատանքներ են կատարվել գյուղի միջնակարգ դպրոցում եւ երեխաների համար կազմակերպվել ամառային ճամբար ու դասընթացներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ախպրաձորի միջնակարգ դպրոցի տնօրեն Գինեվար դ Ղուկասյանն, ամեն տարվա ամռանը նույն ծրագրով սփյուռքահայ ուսանող կամավորները եւ արտասահմանցի այլ կամավորներ Ախպրաձորի միջնակարգ դպրոցում բացում են «Հայերի միություն» մեկշաբաթյա տեւողությամբ ճամբար, որտեղ դպրոցի բոլոր աշակերտները սփյուռքահայ կամավորների դասատվությամբ սովորում են անգլերեն, պար, նկարչություն, հայոց պատմություն, առաջին բուժօգնություն, համակարգչային գիտելիքներ: Այս տարի 22 կամավորները, ծրագրի ղեկավար, ԱՄՆ-ում բնակվող Նանոր Պալապանյանի ղեկավարությամբ, Ախպրաձորում անցկացրին երկու շաբաթ: Մեկ շաբաթ նրանք զբաղվե ցին ճամբարի կազմակերպմամբ եւ մեկ շաբաթ` դպրոցի նորոգման աշխատանքներով:
«Կամավորների եւ դպրոցի կողմից ներդրած միջոցներով եւ ուժերով կառուցվեց 2 տեղանոց հորատիպ զուգարան` տղաների եւ աղջիկների համար, մետաղական ցանկապատով դպրոցի բակն առանձնացվեց շրջակա տնամերձ հողամասերից եւ հիմնանորոգվեց մեկ դասասենյակ:
Դպրոցի բակում ստեղծվել է խաղահրապարակ, որտեղ տեղադրվել են խաղամիջոցներ ու սարքեր` տարրական դասարանների եւ նախադպրոցական տարիքի երեխաների համար: Կամավորները գյուղի բոլոր ընտանիքներին բաժանեցին նվերներ` հագուստի ու կոշիկի տեսքով, իսկ ախպրաձորցի տասն ուսանողներից յուրաքանչյուրին հատկացրին 160 դոլար` ուսման վարձերը փոխհատուցելու համար: Ուսանողների կողմից ներկայացված հաշվեհամարին է փոխանցվել ողջ գումարը»,- ներկայացրեց դպրոցի տնօրենը:«Թաքնված ճանապարհներ» ծրագրի կամավորները նույն բարեգործական առաքելությամբ Ախպրաձոր կժամանեն եկող տարվա ամռանը:
Խոսրով Խլղաթյան