ՀՀ-ն և ՀԱՀ-ը կստորագրեն ներդրումների խրախուսման համաձայնագիր
ЭкономикаՀայաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարությունների միջև նախատեսվում է ստորագրել ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության համաձայնագիր:
Փաստաթղթին հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության սեպտեմբերի 10-ի նիստի օրակարգում:
Համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա երկու երկրների միջև զարգացնել երկարատև տնտեսական հարաբերություններ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:
«Համաձայնագիրն ուղղված է ներդրումների փոխադարձ պաշտպանությանն ու խրախուսմանը, մասնավորապես, պայմանավորվող կողմերի ներդրողներին փոխադարձության սկզբունքով տրամադրվում է առավել բարենպաստ և ազգային ռեժիմ: Համաձայնագրով երաշխիքներ են տրամադրվում նաև կողմերի ներդրումների օտարման դեպքում ներդրողների իրավունքների պաշտպանության և կորուստների փոխհատուցման համար, ինչպես նաև երաշխավորվում է ներդրումներից ստացվող եկամուհների ազատ փոխանցումը կապիտալի ծագման երկիր և այլ երկրներ»,- ասված է հիմնավորման մեջ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ելնելով վերոշադրայալից և հաշվի առնելով համաձյնագրի ստորագրման կարևորությունը երկու երկրների պոտենցիալ ներդրողների համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտ ձևավորելու առումով, նպատակահարմար է համարում համաձայնագրի ստորագրումը ՀՀ կառավարության կողմից: