Միայն հույզերի հիման վրա ավելի լավ պետություն ու քաղաքացիական հասարակություն չեք կառուցի
БлогԿարեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երբ փորձում եմ ուսումնասիրել սահմանադրական բարեփոխումներին դեմ լինողների փաստարկներն ու պատճառները, հիմնականում տեսնում եմ հենց փաստարկների բացակայություն: Իհարկե, կան մի խումբ մարդիկ, ովքեր դեմ են, և հստակ կարողանում եմ հիմնավորել, թե ինչու են դեմ, ինչին են դեմ, նույնիսկ՝ առաջարկել այլընտրանքային տարբերակներ: Սակայն նմանները այնքան էլ շատ չեն, և ինչպես նկատել եմ՝ ընդդիմադիր դաշտում և հասարակական սեկտորում դեմ լինողները հիմնականում դեմ են նրա համար, որ այս նախագիծը առաջարկել է Սերժ Սարգսյանը: Նրանցից շատերը նույնիսկ չեն էլ կարդացել, չեն էլ ուզում կարդալ, այլ ուղղակի դեմ են: Կարծես թե այսօր ամեն ինչին դեմ լինելը մոդա է և մարդիկ ընկել են մոդայի հետևից: Ես ավելի քան համոզված եմ, որ եթե նույն նախագիծը ամբողջովին նույնությամբ Սերժ Սարգսյանի փոխարեն առաջարկեր դեմ լինողների կուսակցություններից մեկի առաջնորդը, ՀՀԿ-ի փոխարեն՝ իրենց կուսակցությունը, ապա դեմ լինողների զգալի կողմ կլինեին՝ նույն նախագծին:
Այս ամենը փաստում է ընդդիմադիր դաշտում և հասարակական սեկտորում գաղափարական սովի մասին: Մարդիկ ավելի շատ առաջնորդվում են ոչ թե գաղափարներով, այլ անձնական կամ կուսակցական համակրանք-հակակրանքներով, սեփական էմոցիաներով, հույզերով: Բայց, հարգելիներս, միայն հույզերի հիման վրա ավելի լավ պետություն ու քաղաքացիական հասարակություն չեք կառուցի: Նման հարցերում հուզականից առնվազն ավելի բարձր մակարդակի մոտեցումներ են պետք:
Խոստանում եմ առաջիկայում ավելի մանրամասն անդրադառնալ բարեփոխումների հարցին՝ փաստելով ու հիմնավորելով, թե ինչու եմ ես կողմ և ինչին եմ կողմ: