Երևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնը կմեկնարկի Ֆիլհարմոնիկի և Վադիմ Ռեպինի ելույթով
КультураԵրևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնը կնվիրվի միջոցառման կազմակերպիչ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-րդ հոբելյանին: Փառատոնը կբացվի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 10-ին կայանալիք համերգով, որին հանդես կգա ռուս հանրաճանաչ ջութակահար Վադիմ Ռեպինը:
«Փառատոնը մեր երաժշտական աշխարհի կարևոր իրադարձություններից մեկն է դարձել: Այս տարի ևս, ինչպես ամեն տարի, փորձել ենք մեծ երաժիշտների ներգրավել: Շատ ձեռքբերումներ ունենք. հենց սեպտեմբերի 10-ի համերգը մեծ իրադարձություն է, քանի որ Վադիմ Ռեպինն է ելույթ ունենալու»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում նշեց ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Մաեստրոն տեղեկացրեց, որ հաջողվել է բացառիկ արտիստների հրավիրել, իսկ նվագախումբը լավ է պատրաստվել իրադարձությանը: «Միշտ ցանկություն կա, որ բոլոր համերգները լեփ-լեցուն դահլիճներում անցնեն: Մեր համերգները շոուների չեն վերածվում, մնում են լուրջ մթնոլորտում»,-նշեց Էդուարդ Թոփչյանը:
Նրա խոսքով, նվագախմբի ստեղծագործական առօրյան արտակարգ լավ մթնոլորտում է անցնում, իսկ ներքին մթնոլորտը բացառիկ լավ է: Անդրադառնալով վերանորոգված Արամ Խաչատրյան համերգասրահին, մաեստրոն նշեց, որ դահլիճի լուսավորությունը լավացել է: «Բեմը շատ գեղեցիկ է: Այնտեղ ամեն ինչ շատ պրոֆեսիոնալ է, այսուհետև կունենանք նաև նվագախմբային աթոռներ: Միակ բանը, որ կցանկանայի, որ ակուստիկ որոշ փոփոխություններ լինեն»,-հավելեց նա:
Ջութակահար Վադիմ Ռեպինը փառատոնի բացման համերգին Ֆիլհարմոնիկի հետ ներկայացնելու է Բրուխի Ջութակի կոնցերտը: «Փառատոնն առաջին հերթին տոն է, ամեն տոնի նման պետք է բարի և երջանիկ զգացմունքներ արթնացնի: Այսօր առաջին փորձ են արել ենք: Շատ գոհ մնացի»,-նշեց նա:
Փառատոնն անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո և Մշակույթի նախարարության աջակցությամբ: Իրադարձության որոշ համերգներ կնվիրվեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Փառատոնային հյուրերի թվում են ալտահար Քիմ Քաշքաշյանը, դաշնակահարներ Ֆրանսուա-Ֆրեդերի Գին (Ֆրանսիա), Մարիաննա Շիրինյանը (Դանիա),կլարներտահար Վենցել Ֆուխսը (Գերմանիա), ջութակահարներ Իդա և Անի Կավաֆյանները (ԱՄՆ), Լևոն Չիլինկիրյանը (Մեծ Բրիտանիա), Անուշ Նիկողոսյանը(Հայաստան) Բորոդին քառյակը, դիրիժորներ Քրիստոֆ Պոպպենը (Գերմանիա), Պիեր Կառլո Օրիցիոն (Իտալիա) ֆլեյտահար Մասսիմո Մերչելին (Իտալիա) և այլք: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը: