Հայաստանը գյուղմթերքների արտահանման ծավալները գերազանցել է 72 տոկոսով
ЭкономикаԱնասնաբուծության համախառն արտադրանքը 2015 թվականի 7 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 4.2 տոկոսով և կազմել 183 միլիարդ դրամ: Ըստ օպերատիվ տվյալների` 2015 թվականի անցած ամիսներին շարունակվել է անասնագլխաքանակի ավելացման միտումը: Տվյալները լրագրողներին ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:«Ընթացիկ տարվա հուլիսի 1-ի դրությամբ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ խոշոր եղջերավորների գլխաքանակն ավելացել է 3.6 տոկոսով և կազմել 775 հազար գլուխ: Մանր եղջերավորների գլխաքանակի աճը գնահատվում է 7.2 տոկոս (կազմել է 981 հազար գլուխ): Խոզերի գլխաքանակի աճը նշված ժամանակահատվածում գնահատվում է 11.4 տոկոս է` մինչև 185 հազար գլուխ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայտնեց նախարարը:
Սերգո Կարապետյանը հավաստիացրեց, որ իրականացված նախապատրաստական աշխատանքների արդյունքում` հանրապետությունում մթերումներն ընթանում են սահուն: «Սեպտեմբերի 9-ի դրությամբ` գյուղատնտեսական մթերք վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 22 հազար տոննա բանջարեղեն, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 4 տոկոսով, իսկ պտղի մթերումների ծավալը կազմել է 11 հազար 700 տոննա, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 2.7 անգամ»,- նշեց նա:
Նախարարի խոսքով՝ գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ավելացումը նպաստել է ընթացիկ տարում թարմ բուսաբուծական մթերքների արտահանման ծավալների ավելացմանը: Արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել են 72 տոկոսով, իսկ ամբողջ 2014-ի արտահանման տարեկան ցուցանիշն արդեն իսկ գերազանցվել է 18 տոկոսով (8 հազար 550 տոննայով): «2015 թվականի սեպտեմբերի 9-ի դրությամբ` հանրապետությունից արտահանվել է 55 հազար տոննա պտուղբանջարեղեն, խաղող և կարտոֆիլ, այդ թվում` 29 հազար 130 տոննա պտուղ, որից՝ 21 հազար 250 տոննա ծիրան, 2 հազար 204 տոննա կեռաս, ինչպես նաև 2 հազար 500 տոննա խաղող, 18 հազար 246 տոննա բանջարեղեն և 4 հազար 893 տոննա կարտոֆիլ: Ծիրանի արտահանման ծավալները գերազանցվել են 11.8 անգամ (2014թ. արտահանվել է 1791.2 տոննա): Արտահանման գործընթացը շարունակվում է, և իրական նախադրյալներ կան նախորդ տարվա նկատմամբ ծավալների կրկնապատկման համար»,- նկատեց նախարարը:
Սերգո Կարապետյանի տեղեկացմամբ` ընդլայնվել է թարմ բուսաբուծական մթերքների արտահանման աշխարհագրությունը: «Արտահանման մեջ գերակշռում է Եվրասիական տնտեսական միության երկրների մասնաբաժինը. մասնավորապես, Ռուսաստանին բաժին է ընկել արտահանման ընդհանուր ծավալի 82.9 տոկոսը, 2014 թվականի նույն ժամանակահատվածի 32.9 տոկոսի դիմաց»,- տեցեկսցրեց նա:
Գյուղատնտեսական մթերքների իրացմանը նպաստելու համար ընթացիկ տարում նույնպես ուշադրություն է դարձվել մայրաքաղաքում գյուղատնտեսական մթերքների տոնավաճառների կազմակերպմանը: Այս տարի, սեպտեմբերի 1-ի դրությամբ, կազմակերպվել է թվով 40 տոնավաճառ, որոնց մասնակցության համար գրանցվել է շուրջ 5 հազար գյուղացիական տնտեսություն: Միջին հաշվով 2 տոնավաճառում 1 օրվա ընթացքում իրացվում է 80-90 տոննա գյուղմթերք, ընդհանուր առմամբ՝ շուրջ 3 հազար 400 տոննա: