Սա ավելի շատ ոչ թե վենդետայի, այլ անձնական ամբիցիաների հարց է, դու մեզ, մենք ` քեզ, դու՝ քո ձեւով, մենք՝ մեր ձեւով. Նիկոլայ Բաղդասարյան
ОбществоԻնչպես արդեն տեղեկացրել էինք, փաստաբաններ Նիկոլայ Բաղդասարյանի եւ Նազելի Վարդանյանի դեմ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով, այն է՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը:
Հիշեցնենք, որ խոսքը դեռ երկու տարի առաջ ավարտին հասցված քրեական գործի մասին է, որի շրջանակում էլ դատավարական փուլի ժամանակ փաստաբանները ձեռք են բերել իրենց պաշտպանյալի շահերից բխող փաստաթուղթ, որն էլ ապացուցել է, որ գործով վկան հոգեկան հիվանդություն ունի և որ նրա ցուցմունքը չի կարող հիմք ծառայել իրենց պաշտպանյալին մեղադրելու համար:
Ի դեպ, ինչպես նշում է Ն.Բաղդասարյանը, իրենք դատարանին միջնորդել են, որ իրենց պաշտպանյալի դեմ ցուցմունք տված վկայի հոգեկան առողջության վերաբերյալ փաստաթուղթը պահանջվի համապատասխան հաստատությունից, եւ դատարանը բավարարել է միջնորդությունը, այսինքն՝ ապացույցները ձեռք են բերվել առանց օրենքը շրջանցելու: Երեկ արդեն Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ տեղի ունեցավ գործով առաջին դատական նիստը, որի ժամանակ էլ Ն. Բաղդասարյանը դատարանին ներկայացրեց քայլերի այն հերթականությունը, որով իրենք են շարժվել վերը նշված գործի շրջանակում:
Հարուցված գործի առնչությամբ Orer.am-ի հետ զրույցում փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը նշեց հետևյալը: «Ես եւ Նազելի Վարդանյանը արդեն երկու տարի է՝ ցուցմունք ենք տալիս այն մասին, որ տվյալ փաստաթուղթն ստացել ենք դատարանից, եւ որ դատարանին ուղղված եւ գրասենյակ մուտք եղած փաստաթուղթը չի կարող համարվել անօրինական ճանապարհով ձեռք բերված: Նրանք ո'չ դատավորին են հարցաքննել, ո'չ էլ տեղի աշխատակիցներին, այսինքն՝ օբեկտիվ եւ ամբողջական քննություն չի իրականացվել»,- ասաց փաստաբանը:
«Երբ մենք ասում ենք՝ եկեք գնանք երկխոսության ու հասկանանք, թե իրավունքի դաշտում դուք ճի՞շտ եք, թե՞ սխալ, իրենք փորձում են դուրս գալ օրենքի դաշտից եւ անցնել այլ տիրույթ՝ ասելով թե մենք լիազորություն ունենք մարդկանց նկատմամբ հետապնդում իրականացնել»,- ասաց նա:
Մեր այն հարցին, թե արդյոք հարուցված քրեական գործը վերջինս կապում է Վարդան Պետրոսյանի գործի հետ եւ համարում վենդետա, փաստաբանը պատասխանեց, որ սա ավելի շատ ոչ թե վենդետայի, այլ «անձնական ամբիցիաների հարց է, դու՝ մեզ, մենք` քեզ, դու՝ քո ձեւով, մենք՝ մեր ձեւով»: «Նշեմ, որ այս ամենից տուժելու է հասարակությունը եւ արդարադատությունը:
Այն մարդիկ եւ պաշտոնատար անձինք, որոնք կանգնած են այս գործընթացի հետեւում, պետք է հասկանան, որ դրանից տուժելու է արդարադատությունը»,- ասաց վերջինս: Հիշեցնենք, որ փաստաբանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել` ստորագրություն չբացակայելու մասին: Սոսե Չանդոյան