ԱԳ նախարարը Մեծ Բրիտանիայում ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի քայլերը
ОбществоՄեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Ֆիլիպ Համոնդի հետ հանդիպումով սեպտեմբերի 9-ին մեկնարկել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Միացյալ Թագավորություն։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով նախարար Նալբանդյանին` Ֆիլիպ Համոդը կարևորել է բարձր մակարդակի ակտիվ շփումների շարունակականությունը։
Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ վերջին շրջանում հաճախակիացել են բարձրաստիճան այցերը, խորհրդարանական շփումները, ակտիվացել են գործարար կապերը, ինչը լավ նախադրյալներ է ստեղծում տարբեր ոլորտներում փոխգործակցության առավել ամրապնդման և ընլայնման համար։ Հայաստանի ու Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղիները։
Նախարարներն անդրադարձել են Հայաստան -Եվրոպական միություն հարաբերություններին, համագործակցության իրավական նոր հենքի ստեղծման ուղղությամբ իրականացվող քայլերին:
Հայաստանի և Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, սիրիական ճգնաժամի և դրա կարգավորման ուղիների, ահաբեկչության դեմ ուղղված միջազգային հանրության պայքարին, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնություններին և դրա հետ կապված զարգացումներին։
ՀՀ արտգործնախարարը քարտուղար Համոնդին է ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվող միջոցառումները և դրանց խորհուրդը։ Այդ համատեքստում նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել 2015թ. մարտին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնած Ցեղասպանության կանխարգելման բանաձևը Մեծ Բրիտանիայի կողմից համահեղինակելու համար։
Այնուհետև Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային ճաշ է ունեցել ՄԹ եվրոպական հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգտոնի հետ, որի ընթացքում քննարկման առարկա են դարձել հայ-բրիտանական հարաբերությունները, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը, ուկրաինական ճգնաժամը և դրա կարգավորման ուղիները, միջազգային մի շարք խնդիրներ։
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման ուղիները: Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող համատեղ ջանքերը։ Միացյալ Թագավորության եվրոպական հարցերով նախարարն իր երկրի աջակցությունն է հայտնել այդ ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը։
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը ծավալուն հարցազրույց է տվել ԲիԲիՍի հեռուստաընկերությանը։