Տարվա լավագույն մանկավարժների անունները կհրապարկվեն Ուսուցչի օրը
ОбществоՀՀ կրթության և գիտության նախարարությունում մեկնարկել է «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների եզրափակիչ հանրապետական փուլը, որին մասնակցում են 44 մանկավարժներ` ՀՀ բոլոր մարզերից և մայրաքաղաք Երևանից:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, մրցույթներն անցկացվում են ՀՀ ԿԳ նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովների կողմից:
Արդյունքների ամփոփումից հետո հանձնաժողովները կընտրեն «Տարվա լավագույն ուսուցչին», «Տարվա լավագույն տնօրենին» և «Տարվա լավագույն դաստիարակին»: Ըստ ավանդույթի, հաղթողների անունները կհրապարակվեն հոկտեմբերի 5-ին՝ Ուսուցչի օրը: Տոնի շրջանակում «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» հանրապետական մրցույթում հաղթած մանկավարժները կարժանանան պարգևների:
«Տարվա լավագույն ուսուցչին» և «Տարվա լավագույն դաստիարակին» ՀՀ վարչապետի կողմից կհանձնվեն ավտոմեքենաներ:
«Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթում սահմանվել են նաև հետևյալ անվանակարգերը`«Նվիրում երեխաներին», «Ավանդույթները և նորարարությունը մանկավարժության մեջ», «Ազգային ավանդույթները պահպանելու և փոխանցելու համար»: «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթում սահմանվել են «Ուսումնադաստիարակչական աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար», «Հայրենասիրական և գեղագիտական դաստիարակության լավագույն փորձի համար» և «Ուսուցման նորագույն մեթոդների ներդրման լավագույն փորձի համար» անվանակարգերը:
«Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթում սահմանվել են նաև հետևյալ անվանակարգերը `«Սիրտս նվիրում եմ երեխաներին»,«Երեխաների կյանքը հետաքրքիր անակնկալներով հարստացնելու համար», «Բնության կրտսեր բարեկամ դաստիարակելու համար»: