Թուրքիան իսկական հակաքրդական պատերազմ է սկսել իր տարածքում. Կիրո Մանոյան
ОбществоԹուրքիայի իշխանությունները «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի պատրվակով իսկական հակաքրդական պատերազմ են սկսել Թուրքիայում և Սիրիայի ու Իրաքի հետ սահմանակից վայրերում: «Այս իրադարձությունները լուրջ հետընթաց են Թուրքիայի համար: Սա կարող է իր բացասական ազդեցությունը ունենալ մեր տարածաշրջանի վրա: Ես կարծում եմ, որ նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ներքին հակասությունները գնալով սրվելու են, և չի բացառվում, որ Թուրքիայում կարող են լինել ավելի հզոր ռազմական գործողություններ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ սեպտեմբերի 11-ին կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերիգրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Նա նկատեց, որ Թուրքիայում տիրող լարվածությունը կարող է թուլանալ միայն այն դեպքում, երբ այնտեղ բոլորը կհասկանան, որ իրենց համար գլխավոր վտանգը ԻԼԻՊ-ն է: «Այդ դեպքում Թուրքիայում բոլորը կմիավորվեն մի խնդրի շուրջ, ինչը կթուլացնի լարվածությունը նաև իրենց սահմանակից Սիրիայում»,- շեշտեց Մանոյանը:
«Արմենպրես»-ի այն հարցին, թե հնարավոր է, որ այս լարված պայմաններում Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշի հետաձգել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները, Կիրո Մանոյանը պատասխանեց հետևյալը.«Ընտրությունների հետաձգումը կնշանակի, որ Թուրքիայում ընթացող այս մթնոլորտը կշարունակվի ևս մեկ տարի: Սակայն, Էրդողանի հիմնական նպատակն է, որ այս իրավիճակում քրդերը կորցնեն իրենց ուժը և խորհրդարանական ընտրություններին չստանան այդ 10 տոկոս ձայները»: