Անհանդուրժողականությունն Ադրբեջանի ներսում ազդում է սահմանային վիճակի վրա. Բեքարյան
ОбществоՊարբերաբար դարձող սրացումներ կան թե’ Հայաստան-Ադրբեջան, թե’ Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան սահամաններում: Սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյան:
«Ադրբեջանական զինատեսակների, հրետանու տրամաչափերը բավականին ինտենսիվ փոփոխություն են կրում, և արդեն օգտագործվում են այնպիսի զինատեսակներ, որոնք մինչ այս կամ չէին օգտագործվում կամ օգտագործվում էին շատ հազվադեպ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց քաղաքագետը:
Անդրադառնալով Ադրբեջանի վարած թե’ ներքին, թե’ արտաքին քաղաքականությանը` Բեքարյանը նշեց, որ Ադրբեջանում օր օրի սրացող իրավիճակը կապված է քաղաքացիական հասարակության, ակտիվիստների , լրագրողների հետ, որոնց նկատմամաբ հետապնդումների մեծ աճ է գրանցվել:
«Ցանկացած երկրի պարագայում արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է: Ադրբեջանի ներքին քաղաքականության պարագայում ակնկալել, որ երկրի ներսում առկա անհանդուրժողականութունը չի կարող չազդել սահմանային հարևանների հետ հարաբերությունների վրա, երևի թե կլինի միամտություն»,- ասաց նա` հավելով, որ Ադրբեջանի քայլերի համար իրենց որոշակի պատասխանատվությունն ունեն միջազգային կազմակերպությունները, որոնք ամեն կերպ փորձում են իրավիճակը համահարթեցված ներկայացնել, կեղծ հավասարակշռության ներքո չբարձրաձայնել իրավիճակն այնպես, ինչպես կա:
Բեքարյանի դիտարկմամբ` միջազգային կազմակերպությունների կողմից նման վերաբերմունքը Ադրբեջանի քայլերին վերջինիս կողմից կարող են ընկալվել եթե ոչ խրախուսական վերաբերմունք, ապա գոնե «աչքփակոցի» իր գործողությունների նկատմամբ: