«Հայաստանը խաղաղության խաչմերուկում» ֆոլկլորային փառատոնին ավելի շատ հայկական խմբեր են մասնակցում
Культура«Հայաստանը խաղաղության խաչմերուկում» չորրորդ միջազգային ֆոլկլորային փառատոնին մասնակցում են հայկական ավանդական երգի-պարի և նվագարանային երաժշտության մեծ թվով խմբեր: Այս մասին լրագրողների հետ զրույցում սեպտեմբերի 11-ին նշեց միջոցառման կազմակերպիչ «Ավանդական տոների վերածնունդ» հասարակական կազմակերպության նախագահ Հասմիկ Բաղրամյանը:
«Փառատոնը տարեցտարի մեծ արձագանք է գտնում թե' Հայաստանում, թե' արտասահմանում: Այս տարի մեր հյուրն է Բուլղարիայից «Նյուանս» պարային խումբը, որը բեմականացված ազգագրական նյութ է ներկայացնում չորս բուլղարական տարածաշրջաններից»,- հայտնեց Հասմիկ Բաղրամյանը:
Նա տեղեկացրեց, որ փառատոնի բացման արարողությունն անցկացվել է սեպտեմբերի 9-ին Բյուրականի Հ. Թումանյանի անվան դպրոցում: Եզրափակիչ համերգը կանցկացվի սեպտեմբերի 13-ին Երևանի Առնո Բաբաջանյանի անվան համերգային դահլիճում:
«Շատ երջանիկ ենք, որ մասնակցում ենք փառատոնին»,- ընդգծեց բուլղարական «Նյուանս» պարային խմբի գեղարվեստական ղեկավար Դմիտրի Ստոյանովը:
Լրատվամիջոցների հետ հանդիպման ավարտին բուլղարական խումբն ավանդական պարեր ցուցադրեց հանրությանը:
Սեպտեմբերի 9-13-ն անցկացվող փառատոնն իրականանում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Հայաստանից կմասնակցեն «Տոնացույց», «Տարոնցիներ», «Մասունք», «Նուբար», «Վերադարձ», «Նարեկացի» արվեստի միության ժողովրդական գործիքների, «Կաթնաղբրիկ», «Խնդում», «Կարոտ», «Սասունիկ», ասորական «Առուտ» ազգագրական համույթները: Փառատոնի ընթացքում տեղի կունենան մի շարք միջոցառումներ` համերգներ, երթեր, ցուցահանդեսներ:
Արդեն ավանդական դարձած «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» փառատոնը միտված է ազգային ավանդական մշակույթն իր բուն՝ կրողների միջավայրում ներկայացնելուն: Դրա իրականացումը մեծապես նպաստում է գյուղական համայնքների մշակութային կյանքի աշխուժացմանը, միջազգային մշակութային երկխոսության խթանմանը և ազգային մշակույթի հանրահռչակմանը: