Ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքող քաղաքացիները կրկին փակել են Երևանի Բաղրամյան պողոտան. ՈՒՂԻՂ
ОбществоԸնդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքող քաղաքացիները կրկին փակել են Երևանի Բաղրամյան պողոտան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազատության հրապարակից հանրահավաքի մասնակիցները երթով շարժվել են Բաղրամյան պողոտա: Գրողների միության շենքի հատվածում ցուցարարներին դիմավորեց ոստիկանական պատը: Այս պահին պողոտան փակ է, ոստիկանությունը ցուցարարներին թույլ չի տալիս առաջ գնալ:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնող «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներին հորդորել էր զերծ մնալ մարդկանց Բաղրամյան պողոտա տանելու փորձերից: Նա նշել էր, որ ոստիկանությունը տեղեկություններ ունի այն մասին, որ հավաքվածների մեջ պետք է լինի սադրիչ, որը կհնչեցնի Բաղրամյան պողոտա գնալու կոչեր, իսկ հանրահավաքի կազմակերպիչները կհայտարարեն, որ կատարում են ժողովրդի ցանկությունը և շարժվում են Բաղրամյան պողոտա:
«Ես ձեզ հորդորում եմ զերծ մնալ անօրինականություններից: Ոստիկանությունն այլևս հանդուրժողականություն չի դրսևորելու և գործելու է բացառապես օրենքի սահմաներում: Մենք ձեզ հորդորում ենք դուրս չգալ օրենքի շրջանակներից: Ոստիկանությունը կանխելու է նման ցանկացած փորձ»,- դիմելով հանրահավաքի կազմակերպիչներին` ընդգծել էր Երեևանի փոխոստիկանապետը:
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը վստահեցրել էր, որ քաղաքացիներն անօրինական գործողությունների չեն դիմի:
Ներկայում Բաղրամյան պողոտան փակած ցուցարների թիվը մոտ 100 է: