Հայ կնոջը երկու անչափահաս երեխայի հետ գիշերը թողել են Մոսկվայի փողոցում (ֆոտո)
Обществоnews.am-ը գրում է.
Ռուսաստանում բնակվող աղջկան տեսնելու համար սեպտեմբերի 4–ին ավտոբուսով ՌԴ ուղևորված հայ կինն իր անչափահաս երեխաների հետ ճանապարհին ստիպված է եղել մղձավանջի միջով անցնել։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում պատմեց Նաիրա Սարգսյանը։
Երբ ավտոբուսը հասել է Վրաստանի սահման, Նաիրան վարորդից հետաքրքրվել է` քանի ժամից կլինեն Վլադիմիր քաղաքում։
«Ի՞նչ Վլադիմիրի մասին է խոսքը, մենք Մոսկվա են գնում»,– ասել է վարորդը, ինչից խուճապի է մատնվել, հաղորդագրություն է ուղարկել Հայաստանում բնակվող քրոջը, որն էլ իր հերթին զանգել է տուրընկերություն։ Քիչ անց վարորդը մոտեցել է Նաիրիային, ասել, որ Մոսկվայում իրենց կդիմավորեն ու կհասցնեն Վլադիմիր։
Նաիրիան անհանգստացել է, քանի որ երկու անչափահա երեխաների հետ է եղել, ու հատուկ ուղիղ տոմս էր վերցրել` ավտոբուս չփոխելու եւ քաշքշուքներից խուսափելու համար։ Իսկ Մոսկվայից Վլադիմիր հեռավորությունը մոտ 180 կմ է։
Մոսկվա են հասել գիշերվա ժամը 2-ին։ Նաիրիայի խոսքով` գիշերը ցուրտ է եղել, անձրև տեղացել։
«15-ամյա աղջկաս ու 5 տարեկան տղայիս հետ ճամպրուկներով օտար քաղաքում գիշերվա էդ ցրտին, անձրևին կանգնած էինք դրսում, լրիվ ջուր էինք եղել. վարորդին հարցնում ենք` բա հիմա մենք ինչո՞վ ենք գնալու Վլադիմիր՝ հեռախոսը ցույց է տալիս ու ասում, որ նա, ով մեզ պիտի դիմավորեր՝ չկա»,-ասաց Նաիրան։
Որոշ ժամանակ անց տարածքում կանգնած միկրոավտոբուսներից մեկի վարորդը, որը դեպի Նիժնի Նովգորոդ երթուղի էր իրականացնում, մոտեցել է Նաիրային, առաջարկել նրանց տանել Վլադիմիր։
Նաիրան համաձայնել է։ Հայ վարորդը, սակայն, անտեղյակ լինելով տեղանքին, առաջ է անցել Վլադիմիր քաղաքից։ Նաիրան ստիպված զանգահարել է դստեր ամուսնուն, որը եկել, մի կերպ գտել է իրենց եւ առավոտյան կողմ հասցրել տուն։
«Չեք պատկերացնի՝ ոնց էի երանի տալիս, թե երբ կլինեմ տանը, երբ կհասնեմ ինչ–որ տեղ, որ կարողանամ տուն գնալ»,- հիշեց Նաիրան։
Կնոջ երկու երեխաները Մոսկվայում անձրևի տակ մնալու պատճառով հիվանդացել են, մի քանի օր անկողնում անցկացրել։
Նաիրային ավտոբուսի տոմսեր վաճառած «Վանա տուր» ընկերությունից NEWS.am–ին ասացին, որ իրենք վաճառել են ավտոբուսի տոմսերը, բայց փոխադրումներն իրականացնում է «Պանտերա տուրը»։ «Վանա տուրը» խնդիրը պարզաբանելու համար առաջարկել է հանդիպում կազմակերպել Նաիրայի եւ «Պանտերա տուրի» մասնակցությամբ, սակայն Նաիրան մերժել է։
«Պանտերա տուրում» պնդում են, որ Մոսկվայում Նաիրային եւ երեխաներին դրսում չեն թողել։ Նրա խոսքով` Նաիրայի ընտանիքին ոչ թե Մոսկվա են տարել, այլ Վորոնեժ։
«Նրանց ճանապարհին չեն թողել։ Երբ Սևան քաղաքում նստել են ավտոբուս՝ իրենց ասվել է, որ մեքենայի հետ խնդիրներ կան, ուստի նրանց Վորոնեժ քաղաքից մեր վարորդն այլ միկրոավտոբուսով ճանապարհել է Վլադիմիր, միկրոավտոբուսի գումարն էլ մենք վճարել ենք»,- ասաց «Պանտերա տուր» ՍՊԸ-ի փոխտնօրեն Սամվել Պետրոսյանը։
Նա նաև նշեց, որ իրենք էլ են ցանկացել են հանդիպել Նաիրայի կամ նրա հարազատների հետ`խնդիրը հասկանալու ու առաջացած խնդիրները կարգավորելու համար, սակայն Նաիրայի հարազատները հանդիպումից հրաժարվել են։
Նաիրան իր մղձավանջային ճանապարհորդության դիմաց ոչինչ չի պահանջում տուրընկերությունից, ասում է` ներողությունն էլ բավական է, ուզում է միայն բարձրաձայնել խնդիրը, որ ուրիշներն էլ չտուժեն։

