Շիրակի թեմի եկեղեցիներում նշվեց Խաչվերացի տոնը
КультураՇիրակի թեմի եկեղեցիներում սեպեմբերի 13-ին նշվեց Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը: Առավոտյան ժամերգությունից հետո թեմի եկեղեցիներում սուրբ պատարագ մատուցվեց` ի հիշատակ Տիրոջ խաչափայտի Երուսաղեմ վերադարձի եւ վեր բարձրացնելուն: Օրվա խորհրդով պայմանավորված` Շիրակի թեմի առաջնորդն ուխտի սուրբ պատարագ մատուցեց Գյումրու Սբ Նշան ե կեղեցում:
Հայաստանյաց եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:
Խաչի տոնը Տիրոջ խաչափայտի ազատագրման տոնն է, որը քրիստոնյաների համար պարծանքի նշան է, ինչպես Պողոս առաքյալն է ասում՝ մեզ՝ փրկվածներիս համար Աստծո զորություն: Այսօր հավատացյալ ժողովուրդը պետք է գնա եկեղեցի, մասնակցի տոնական պատարագի, հաղորդություն ստանա: Խաչի բարձրացումով մեկ անգամ ևս հաստատվեց Քրիստոսի հաղթանակն ընդդեմ մահվան, դժոխքի և բոլոր նրանց, ովքեր անարգում ու չեն պատվում Տիրոջ խաչը: Խաչի քարոզությամբ էր, որ առաքյալները հաստատեցին քրիստոնեական Եկեղեցին:
Այսօր, ցավոք, շատ նորաբողբոջ հավատացյալներ սխալ ու թյուր պատկերացումներ ունեն խաչի մասին, կենարար խաչը մահվան գործիք անվանելով: Թեմակալ առաջնորդն իր խոսքում նշեց, որ սրանք այն մարդիկ են, ովքեր ոչ միայն եկեղեցու, քրիստոնեկան, այլ նաև համաշխարհային պատմություն չգիտեն. խաչի նկատմաբ հավատքը հիմնավորված է նաև պատմական աղբյուրներով: «Վերջիններիս համար եկեղեցու պատմությունը սկսվում և ավարտվում է Քրիստոսի գործունեությամբ, բայց սուրբ հոգին Քրիստոսից հետո առ այսօր գործում է: Խաչն իր պատմությունը շարունակում է: Այս տոնը Ս. Խաչի վեր բարձր ացման և փառաբանության տոնն է: Սա պատմական իրողություններով, պատմական վավերացումներով հիմնավորված է, ուրեմն մեր ժողովրդի երկրպագությունը խաչի նկատմամբ սոսկ երևակայություն չէ, այլ պատմական հիմնավորում»,-նշեց Միքայել եպիսկոպոս Աջապահյանը՝ հավելելով, որ Խաչվերացը տոն է, և բոլորը պետք միմյանց շնորհավորեն ու տոնը չվերածեն մեռելոցի:
Երեկոյան ժամերգությունից հետո խաչը դուս կբերվի եկեղեցուց, տեղի կունենա թափոր՝ թեմակալ առաջնորդի թափորապետությամբ, կկատարվի անդաստանի կարգ՝ կօրհնվեն աշխարհի չորս կողմերը, որից հետո կօրհնվի ռեհանը՝ որպես խաչի ծաղիկ եւ կբաժանվի հավատացյալ բնակչությանը:
614թ. պարսկաբյուզանդական պատերազմի ժամանակ պարսիկները գրավում են Երուսաղեմը և գերեվարում Քրիստոսի խաչափայտը: Երկարատև կռիվներից հետո Հերակլ կայսեր գլխավորությամբ բյուզանդացիներին հաջողվում է ծնկի բերել պարսկական պետությանը և ազատագրել խաչափայտը: Ազատագրված խաչափայտը մեծամեծ հանդիսություններով և կրոնական արարողություններով Հայաստանի վրայով տարվում է Կ. Պոլիս և ապա վերադարձվում Երուսաղեմ:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ս. Խաչին նվիրված չորս տոն ունի՝ Ս. Խաչի երևում, Խաչվերաց, Խաչի գյուտ և Վարագա ս. Խաչ: Քրիստոնեական մյուս եկեղեցիները ևս ունեն խաչին նվիրված առաջին երեք տոները, իսկ Վարագա ս. խաչի տոնն ազգային է: