Today’s Zaman. Նյու Յորքում հայերի դեմ բռնությունների մասին լուսանկարներ կցուցադրեն
ОбществоNews.am-ը գրում է.
Նյու Յորքի Կոլումբիական համալսարանում պետական ռեժիմների զանգվածային դաժանությունների մասին «Համատեղ արխիվներ. պատմական կապեր» խորագրով ցուցահանդես կանցկացվի: Այս մասին գրում է թուրքական Today’s Zaman-ը:
Ցուցահանդեսի կազմակերպիչները կանայք են՝ ամերիկյան արվեստաբան Քեթրին Կոնը եւ նրա թուրք գործընկերուհի Իշըն Օնոլը:
«Հիշողությունը նյութ է, որից մենք կազմված ենք: Բայց այն ապրում է նաեւ մեզ շրջապատող առարկաներում: Այն կարելի է ցուցադրել, ներկայացնել: Հետապնդումների, պատերազմների եւ ցեղասպանությունների ժամանակ, երբ մարդու հոգեւոր ամբողջականությունը վտանգի տակ է, հիշողությունը կարող է վերածվել չսպիացող վերքի»,- ցուցահանդեսի կատալոգում գրել են կազմակերպիչները:
Նրանց նպատակն է ցույց տալ, թե ինչպես կարող է այդպիսի ցավագին անցյալի մասին հիշողությունը հանդուրժողականության վերածվել:
Նկարիչ եւ ակտիվիստ Այլըն Թեքիների ստեղծած աշխատանքներից մեկը ցույց է տալիս վերջին 30 տարիների ընթացքում Թուրքիայում եւ Սիրիայում իրականացված զանգվածային սպանությունները. 1988 թվականին Հալաբյայի ջարդերը՝ քրդերի դեմ քիմիական հարձակումը, որի ընթացքում շուրջ 5 հազար մարդ զոհեց, ավելի քան 9 հազարը՝ տուժեց, 1993 թվականին Սվազի ջարդերը, որի ժամանակ ծայրահեղ աջերը 35 մարդ սպանեցին, ինչպես նաեւ այրեցին այն հյուրանոցը, որտեղ հավաքված էր ալեւիների մտավորականությունը, եւ 2011 թվականին Ուլուդերեում իրականացված օդային հարձակումը, երբ թուրքական երկու ռեակտիվները, ազդանշան ստանալով, որ ահաբեկչական խմբավորումը պատրաստվում է հատել թուրք-իրաքյան սահմանը, գնդակահարեցին 34 խաղաղ քրդերի: Թեքիների աշխատանքը կենտրոնացած է «պաշտոնական» լեզվի վրա, որի միջոցով այդ իրադարձությունները ներկայացվում են լրատվամիջոցներում եւ դասագրքերում:
Թուրքիայից եւս մեկ աշխատանք նվիրված է այն կանանց, որոնց ամուսիններն անհետացել են ձերբակալությունների ժամանակ: Hafıza Merkezi (Ճշմարտության, արդարության եւ հիշողության կենտրոն) կենտրոնի 2013 թվականի զեկույցի համաձայն, այդ կերպ անհետացածները 13.536-ն են՝ 1980 թվականի սեպտեմբերին սկսված ռազմական հեղաշրջումից ի վեր:
«Նկարչուհի Սիլվանա Տեր-Մկրտչյանն էլ ներկայացնում է 1915 թվականին անատոլիական հայերի դեմ դաժանությունները: Նա հրավիրել է այն մարդկանց ժառանգներին, որոնց 1915 թվականին հարկադրել են լքել իրենց տները, եւ խնդրել լուսանկարներից գորգ գործել»,- նշված է պարբերականում: