Թուրքիայում լարված իրավիճակը ձեռնտու է միայն Էրդողանին. Կիրո Մանոյան
ОбществоԹուրքիայում անընդհատ ահագնացող լարված իրավիճակն ընդամենը մեկ նպատակ ունի` որպեսզի երկրի բնակչությունը նոյեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին հանուն երկրում կայունության վերահաստատման իր ձայնը չտա քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեցՀՅԴ Հայ դատի քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը` հավելելով, որ վերջին շրջանում Թուրքիայի նախագահն ու վարչապետը նույն ուղերձն են հղում հանրությանը. «Եթե ցանկանում եք, որ երկրում խաղաղություն եւ կայունություն տիրի, քվեարկեք մեկ կուսակցության օգտին»:
Մանոյանի գնահատմամբ` քրդական ուժերի կողմից սկսած 2013թ.-ին հայտարարված զինադադարը չեղյալ է հայտարարվել, եւ իրավիճակն ամեն վայրկյան կարող է ավելի լարվել: «Բնականաբար, լարվածությունն ու ուժի գործադրումը կշարունակվեն մինչեւ նոյեմբերի 1-ը, քանի որ Էրդողանը ցանկանում է Սահանադրության մեջ փոփոխություններ կատարելու միջոցով ավելի մեծացնել նախագահի լիազորությունները»«- ընդգծեց Մանոյանը:
Ինչ վերաբերում է տեղի հայ համայնքին, ըստ քաղաքական գործչի, լուրջ սպառնալիքներ այդ ուղղությամբ չեն լինի: Նա հիշեցնում է, որ խորհրդարանում երեք հայ պատգամավոր կա, որոնցից մեկն էլ ներկայացնում է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը: «Չեմ բացառում, որ իշխանությունները հակահայ գործողություններ կկատարեն, կվախեցնեն, կսպառնան, սակայն լուրջ գործողությունների չեն դիմի»,- ասաց Մանոյանը: Նրա գնահատմամբ` Թուրքիայում տիրող իրավիճակից պետք է զգաստանա նաեւ Հայաստանը, քանի որ տարածաշրջանային անվտանգության առումով, դա կարող է իր ազդեցությունն ունենալ Ադրբեջանի վրա: