Ինչու՞ և ինչքա՞ն հանրային զայրույթը կմնա օդում կախված
АналитикаՀայաստանը ոտքից գլուխ թաղված է կոռուպցիայի մեջ՝ ԺԷԿ-երից մինչև բարձրագույն իշխանության օղակներ: Չնայած ավելի ճիշտ կլինի ասել՝, ոչ թե թաղված, այլ Հայաստանը ոտքից գլուխ ապրում է կոռուպցիայով:
Երբ պատկերացնում ես, թե ինչ որ մի x օր կոռուպցիայի այսքան բնական, առօրեական թվացող գոյությունն օտարելու դեպքում ինչ կլինի պետական, հասարակական օրգանիզմի հետ, ինչքան մարդիկ կհամարեն, որ իրանց կյանքն ավարտվեց, ինչքան մարդիկ կանիծեն այլ մարդկանց՝ իրենց կայուն ու բարեկեցիկ կյանքը քանդելու համար:
Բայց առայժմ դրա մասին չէ, որ առիթ կա խոսելու:
Երեկ Երևանի քաղաքապետարանի Առևտրի վարչության պետ Արման Եդոյանը թանկարժեք մեքենայով, 11 RR 111 համարանիշներով (ըստ ոստիկանության պաշտոնական կայքի ՝ կրկնվող թվերով ու կրկնվող տառերով համարները արժեն 8 մլն դրամ `նկարը ներքևում ) հայտնվել է մի վթարի կենտրոնում, որի արդյունքում կա զոհ:
Դեպքը հայտնվել է մարդկանց ուշադրության կենտրոնում: Պաշտոնյան, թանկարժեք մեքենայով ու թանկարժեք համարներով, հայտնվել է վթարի կենտրոնում և, ցավոք, կա զոհ: Արդարության ճգնաժամ ունեցող հանրության համար սա շատ խոցելի թեմա է, քննադատելու են, հայհոյելու, անիծելու:
Զայրույթը, ցասումը բնական են այս իրավիճակում: Բայց վախենամ, որ զայրույթի մակարդակում էլ ամեն ինչը մնա: Լավագույն դեպքում պաշտոնյային ազատեն աշխատանքից ՝ աղմուկից ու գլխացավանքից խուսափելու համար: Բայց մեր կառավարման համակարգում վխտացող մյուս պետերը կշարունակեն անհայտ գումարներով թանկ համարներով թանկ մեքենաներ վարել, գուցե մի քիչ վախեցած, մի քիչ զգույշ, չի բացառվում, որ մի քանի ամիս էլ ավելի քաղաքավարի պատասխանեն լրագրողների զանգերին:
Հանրային արձագանքն ու զայրույթը, բողոքը շատ կարևոր պոտենցիալ են, դրա առկայությունը վկայում է, որ հանրային օրգանիզմը դեռ ողջ է, դեռ չի բթացել, դեռ արձագանքում է: Իշխանությունը վախենում ու սթափվում է նման արձագանքներից, բայց բեկումնային փոփոխությունների չի գնում դրանցից, վարկաբեկված պաշտոնյային փոխարինում են մյուսով ՝ ամենալավ դեպքում, արտաքին մակարդակում գուցե մեղմ են դառնում, բայց կոռուպցիան դրանից չի պակասում, ընդհակառակ ՝ քողարկվում է քաղաքակիրթ մեթոդներով: Կոնցեպտուալ խնդիրն այստեղ այն է, թե ինչպես է հանրային բողոքը տրանսֆորմացվում, ինչ արդյունքներ է տալիս:
Կայացած քաղաքական համակարգերում հանրային բողոքի առիթ հանդիսացող նմանատիպ սկանդալները դառնում են ընդդիմադիր ուժերի հոգացության առարկան, իշխանության «քթերից բերելու» նման առիթները ուղղակի երանություն են ցանկացած ընդդիմության համար: Հանրության բողոքը ինչքան էլ հուժկու, բայց ինքն իր ռեսուրսներով ինստիտուցիոնալ դառնալու համար բավական թույլ է, այն էմոցիոնալ պոռթկումից հետո կամ մարում, կամ էլ վերածվում է հախուռն ու ինչ որ պահից անկառավարելի զայրույթի՝ օդից կախված:
Հույս չկա իհարկե, որ համապետական ընտրությունից ընտրություն տաս օրով ակտիվացող ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները հայհոյանքի ու անեծքի սեփական մասնաբաժինը ներդնելուց բացի այլ կերպ կարձագանքեն այս ու այլ առիթներով ծագող սկանդալներին: Բայց եթե հանրային բողոքը շարունակի օդի մեջ կախված մնալ, եթե ընդդիմությունը դրանք չընկալի որպես քաղաքական գործիք իշխանության դեմ, իսկ իշխանությունն էլ լավագույն դեպքում կարճ ժամանակով սկսի դեկորատիվ փոփոխությունների դիմել՝ սկանդալները մեղմելու համար, ապա ապագայում հիասթափության խորացումն ու սոցիալական ցնցումները չեն բացառվում:
Իսկ սոցիալական լարվածությունն ու դժգոհությունը հայաստանյան կյանքում հազվադեպ են վերածվում կոնկրետ արդյունքի: Ինչպես ասում էր Վանո Սիրադեղյանը՝ «Բարեբախտաբար թե դժբախտաբար, հայերը իրենց ապահովագրել են սոցիալական ցնցումներից. դեռ վաղնջական ժամանակներից սկսած՝ լքում են երկիրը։ Սկզբում՝ խոպանչիության տեսքով, հետո՝ ընտանիքներով, հետո՝ տոհմով, գյուղերով… եւ սոցիալական ընդվզումը երբեք չի հասնում կրիտիկական զանգվածի։ Ճիշտ է, այդ ներքին «կայունության» դիմաց երկիրը մաս-մաս զիջել են օտարներին, բայց դե…» :
Լևոն Մարգարյան