Փաստաբանի նկատմամբ քրեական գործ պետք է հարուցվի միայն փաստաբանների պալատի խորհրդի համաձայնությամբ. Տիգրան Սարգսյան
ОбществоԻնչպես տեղեկացրել էինք մեր նախորդ հրապարակումներում, Փաստաբանների պալատում փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի առնչությամբ նախատեսվում էր անցկացնել քննարկում:
Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել ՀՀ ՓՊ փաստաբանի իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ընդլայնված նիստ: Նիստին մասնակցել են համակարգող Կարեն Մեժլումյանը, անդամներ Լիանա Բալյանը, Գեղամ Հակոբյանը, Նիկոլայ Բաղդասարյանը, Նազելի Վարդանյանը և Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Քննարկման ժամանակ մասնակիցները կարևորել են, որ պետք է պարզել՝ արդյո՞ք դատարանը սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել է ապացույցը չհրապարակելու և այդ մասին փաստաբանին տեղեկացնելու համար: Նիստի մասնակիցներն արձանագրել են, որ դռնբաց դատական նիստին փաստաբանի կողմից անխոչընդոտ իր մասնագիտական դատավարական գործողություններն իրականացնելը չի կարող առաջացնել քրեական պատասխանատվություն:
Տեղեկացնենք, որ հրավիրված նիստի արդյունքում որոշվել է, որ հանձնաժողովը հայտարարությամբ հանդես կգա Նիկոլայ Բաղդասարյանի կողմից լրացուցիչ ներկայացվող նյութերին` դատական նիստի ձայնագրությանը, ծանոթանալուց հետո: Փաստաբանների պալատի նախագահը տեղեկացրել է, որ ՓՊ-ից ներկայացուցիչ կնշանակվի Նիկոլայ Բաղդասարյանի շահերը մյուս գործընկերների հետ միասին դատարանում պաշտպանելու նպատակով:
Փաստաբանների նկատմամբ հաճախակի հարուցվող գործերի վերաբերյալ Orer.am-ը զրուցեց «Սարգսյան իրավաբանական խումբ» իրավաբանական միավորման ղեկավար, իրավաբան Տիգրան Սարգսյանի հետ:
«Եթե այսօր սահմանադրական բարեփոխումներ են ցանկանում իրականացնել, ապա իրական բարեփոխումն այն կլինի, որ դատավարության մասնակիցների իրավական կարգավիճակը բարձրացված լինի: Օրինակ՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարելի է իրականացնել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ, իսկ դատախազի դեմ քրեական գործ կարող է հարուցել գլխավոր դատախազը կամ նրա տեղեկալը, դատավորների նկատմամբ քրեական գործ կարող է հարուցվել միայն արդարադատության խորհրդի համաձայնությամբ, քանի որ տվյալ մարդիկ ամեն օր գործադիր իշխանության հետ են բախվում:
Նույնը կարող եմ ասել փաստաբանի վերաբերյալ: Մասնագիտական աշխատանք իրականացնելիս նա հազար ու մի շահերի բախման կենտրոնում է հայտնվում, դրա համար փաստաբանը պետք է պաշտպանված լինի: Ես կարծում եմ, որ փաստաբանի նկատմամբ քրեական գործ պետք է հարուցվի միայն փաստաբանների պալատի խորհրդի համաձայնությամբ, այսինքն՝ եթե վարույթ իրականացնող մարմինը գտնում է, որ որ տվյալ փաստաբանի արարքի մեջ առկա են հանցագործության հատկանիշներ, պետք է դիմել Փաստաբանների պալատ, որից հետո Փաստաբանների պալատի խորհուրդը կտա համաձայնություն եւ որից հետո էլ գործընթացը կընթանա ըստ ընթացակարգի»,- նշեց Տիգրան Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Նիկոլայ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով, այն է՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը:
Սոսե Չանդոյան