Ովքե՞ր եւ ի՞նչ կերպ պետք է փշրեն կոռուպցիոն պատնեշները
ОбществоՀՀ-ում բնակվող եւ գործունեություն ծավալող շատ ու շատ քաղաքացիներ հաճախ հայտնվում են անելանելի թվացող իրավիճակներում: Տարբեր ոլորտներում հասարակության ներկայացուցիչների առաջ ի հայտ են գալիս արհեստական` կոռուպցիոն պատնեշներ, որոնք, իհարկե, կարելի փշրել օրենքի ուժով, սակայն…
Թե ինչպե՞ս են լուծվում «չլուծվող հարցերը» ՀՀ-ում, առհասարակ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում կոռուպցիայի դեմ պայքարում, այս եւ մի շարք այլ կարեւոր հարցերի պատասխաններ Orer.am-ն իր ընթերցողներին կներկայացնի «Սարգսյան իրավաբանական խումբ» իրավաբանական միավորման ղեկավար, իրավաբան Տիգրան Սարգսյանի հետ զրույցի ընթացքում:
Ինչպես գիտենք, կոռուպցիան պետության, պետական ապարատի բնականոն գործունեության դեմ ուղղված հանցագործությունն է: Կոռուպցիոն հանցագործություններից է պաշտոնական դիրքի չարաշահումը, լիազորությունների սահմանազանցումը, կաշառք վերցնելը, կաշառք տալը եւ, իհարկե, հովանավորչությունը: Կոռուպցիան կարող է առաջանալ ու զարգանալ իրավական, մշակութային ու քաղաքական պայմաններում: Խոսելով քաղաքական եւ իրավական կոռուպցիայի մասին` իրավաբան Տիգրան Սարգսյանն ասաց, որ ՀՀ-ում շատ հաճախ քաղաքական իշխանությունը քաղաքական կամք չի դրսեւորում կոռուպցիայի դեմ պայքարի համար, հակառակը, նպաստում է դրա զարգացմանը:
«Նույնը կարող եմ ասել իրավական կոռուպցիայի մասին, օրինակ` ՀՀ ՔՕ-ում հստակ նշված է, որ եթե կաշառք տվողը հանցագործության մասին հայտարարություն է տալիս երեք օրում, ապա ազատվում է քրեական պատասխանատվությունից: Կարծում եմ, որ երեք օրվա սահմանափակումը տեղին չէ, քանի որ դա լատենտային հանցագործություն է եւ այս պարագայում խրախուսական նորմ պետք է լինի, այսինքն՝ պետությունը պետք է պայման ստեղծի, որպեսզի հանցագործությունը բացահայտվի»,- ասաց վերջինս:
Ըստ Տ.Սարգսյանի՝ հանցագործության մասին հայտարարության հետ կապված ժամկետային սահմանափակում չպետք է լինի, քանի որ ցանկացած ժամանակ, երբ անձը հաղորդում է տալիս հանցագործության մասին, օգնում է իրավապահ մարմնին, իսկ այդ օգնությունն էլ իր հերթին ուղղված է երկրի կառավարման որակի բարձրացմանը: Անցում կատարելով մեկ այլ կարեւոր խնդրահարույց հարցի` դատավորների թեկնածուների ընտրությանը, իրավաբանն առաջ քաշեց խոցելի կետեր:
«Եթե նայենք դատական օրենսգրքով դատավորների թեկնածուների ընտրությանը, ապա կնկատենք, որ բոլոր մեխանիզմները շատ լավն են ու որակով: Առաջին հայացքից թվում է, որ ամեն ինչ արված է, որ գործընթացն օրենքով լինի, սակայն այստեղ կան ստվերային մեխանիզմներ, այսինքն՝ ամեն հարց չէ, որ օրենսդրությամբ կարգավորված է: Օրինակ դատավորներին ընտրում է արդարադատության խորհուրդը, սակայն խորհրդի մեջ ընդգրկվում են այնպիսի մարդիկ, որոնք կամազուրկ են եւ ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորություն չունեն: Եթե տվյալ խորհրդում հավաքված լինեին ուժեղ անհատներ, ապա մարդիկ ինքնուրույն կքվեարկեին եւ պետական կառավարումն այստեղ կշահեր»,- նշեց իրավաբանը՝ անդրադառնալով դատական ոլորտին առնչվող մեկ այլ հարցի:
«Այսօր լրագրողներին թույլ չեն տալիս, որ նկարահանեն դատական նիստերը, քաղաքացիական գործերով հարկավոր է կողմերի համաձայնությունը, սակայն այստեղ հարց է առաջանում, եթե դատական նիստը դռնբաց է, ո՞րն է խնդիրը: Կարծում եմ՝ օրենսդրությունում պետք է փոփոխություն մտցվի, որպեսզի լրագրողները կարողանան կատարել իրենց մասնագիտական աշխատանքը, որն էլ այս պարագայում կդիտվի որպես վերահսկողություն: Դա էլ իր հերթին կնպաստի կոռուպցիայի աստիճանաբար վերանալուն»,- ասաց Տ.Սարգսյանը:
Որպես կոռուպցիայի վերացման ամենահզոր գործիք՝ իրավաբանը դիտարկում է հենց հասարակությանը, որն էլ կիրականացնի վերահսկողություն պետական կառավարման մարմնի նկատմամբ:
«Որպեսզի կոռուպցիան վերանա, հասարակությունը պետք է վերահսկողություն իրականացնի պետական կառավարման նկատմամբ, իսկ վերահսկողությունն իր հերթին պետք է լինի իրական: Ճիշտ մեխանիզմ էր ՀԴՄ շահող կտրոնները շրջանառության մեջ դնելը, դա վերահսկողություն իրականացնելու հնարավոր օրինակներից մեկն էր»,- խոսքը եզրափակեց վերջինս:
Սոսե Չանդոյան