UNHCR-ը մինչև 2015թ. ավարտը կշարունակի սիրիահայերի բնակվարձերի փոխհատուցումը
ОбществоՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիստոֆ Ֆրիեդերիկ Օտտո Բիերվիրթին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Լենա Հալաջյանը և ՀՀ ՍՆ աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:
Ողջունելով հյուրին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել սիրիական պատերազմի հետևանքով Հայաստանում հաստատված սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ շարունակական համագործակցության համար և ներկայացրել դրանց լուծման ուղղությամբ պետության և տարբեր համահայկական ու միջազգային կառույցների կողմից իրականացված աշխատանքները:
Հրանուշ Հակոբյանը նշել է, որ 2015թ. մայիսից շուրջ 2500 սիրիահայ է տեղափոխվել Հայաստան: Նախարարություն են դիմում և՛ նոր եկածները, և՛ նախկինում տեղափոխվածները: Նրանք հիմնականում տուն ու տեղ, ունեցվածք կորցրած կարիքավորներ են: Սիրիահայերի համար առաջնային են ժամանակավոր կացարանով ապահովման, բնակվարձերի փոխհատուցման, աշխատանքի տեղավորման, կրթական և առողջապահական խնդիրները: «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնում» սիրիահայ բժիշկները բարեգործական հիմունքներով ամեն շաբաթ իրականացնում են հիվանդների անվճար բուժզննում: Նախար արն առաջարկել է հնարավորություններ ստեղծել և նվիրյալ բժիշկներին խրախուսել, ապահովել նրանց անհրաժեշտ տարածքով, սարքավորումներով և դեղորայքով:
Քրիստոֆ Ֆրիեդերիկ Օտտո Բիերվիրթը շնորհակալություն է հայտնել ՀՀ սփյուռքի նախարարին ջերմ ընդունելության համար և նշել, որ մինչև 2015թ. ավարտը UNHCR-ը կշարունակի սիրիահայերի բնակվարձերի փոխհատուցումը և կիրականացնի ձմեռնամուտի ծրագիր:
Կողմերը երկուստեք կարևորել են և բարձր գնահատել Սփյուռքյան և միջազգային կառույցների հետ համագործակցության շարունակականությունը և նոր ծրագրերի իրականացումը:
Քննարկվել են հետագա համագործակցության հետ կապված այլ հարցեր: