Հրանտ Դինքի սպանության գործով կասկածյալը ոճրագործության մասին տեղեկացրել էր վերադաս մարմիններին
ОбществоՏրապիզոնի ոստիկանության հետախուզության բաժնի նախկին ղեկավար Էնգին Դինչը, որը ներկայում որպես կասկածյալ անցնում է Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով, հայտարարել է, որ ոճրագործության նախապատրաստման մասին ժամանակին տեղյակ է պահել Անկարայի եւ Ստամբուլի պատկան վերադաս մարմիններին: Այս խոսոտավանությունը Դինչն արել է Դինքի սպանությունից 9 տարի անց:
Ինչպես հաղորդում է «Ակոս»-ը, ցուցմունքում Դինչը նշել է, որ տեղյակ է եղել Յասին Հայալի կողմից Դինքի դեմ մահափորձ կազմակերպելու մասին, եւ իր տեղեկանալու նույն օրն այդ մասին ինչպես գրավոր, այնպես էլ հեռախոսով հայտնել է Ստամբուլի հետախուզությանը:
«Դինքի դեմ մահափորձ կազմակերպելու մասին տեղեկությունները ստացել ենք 2006 թվականի փետրվարի 15-ին Էրհան Թունջելից: Փետրվարի 17-ին այդ մասին որպես «աղմուկ առաջացնող գործողություն» զեկույցի տեսքով հայտնել ենք Անկարա եւ Ստամբուլ», -ասել է նա:
Էնգին Դինչի` կասկածյալի կարգավիճակով հարցաքննության համար հիմք է հանդիսացել Դինքի ընտանիքի փաստաբանների այն պնդումը, որ Դինքի սպանության գործով ձերբակալված ոստիկան Մուհեթին Զենիթը ժամանակին ցուցմունք է տվել իր նախկին ղեկավար Դինչի դեմ եւ իր հրամանատարների մեղադրել այն բանում, որ նրանք իրեն զրույցի են դրդել սպանության կազմակերպիչների հետ:
Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` խմբագրության առջեւ զինված հարձակման հետևանքով:
2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը դատապարտվեց ցմահ բանտարկության, իսկ անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման:
2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից:
Այս անգամ բոլոր ամբաստանյալներին կառաջադրվի «հանցավոր խմբավորման ստեղծման եւ կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում` Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ որոշումներ են ընդունվել: