Հայ գործարարները Երևանում կապեր են հաստատում Տոմսկից ու Ուդմուրտիայից ժամանած գործընկերների հետ
ОбществоՀայաստանի և Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող Ուդմուրտիայի Հանրապետության գործարար կապերի ամրապնդման նպատակով Երևանում անցկացվում է առաջին բիզնես ֆորումը: Դրան մասնակցում է 5 ընկերություն Ուդմուրտիայից, նույնքան էլ Տոմսկից, մոտ 80 կազմակերպություն էլ Հայաստանից: Ինչպես Երևանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Կարեն Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, նման հանդիպումներ, բիզնես ֆորումներ Երևանի արդյունաբերական պալատը բավական հաճախ է անցկացնում վերջին երկու տարվա ընթացքում:
«Բավականին մեծ հետաքրքրություն կա մեր շուկայի և արտադրանքի նկատմամբ հատկապես ռուսական ընկերությունների շրջանում: ԵԱՏՄ-ին միանալուց հետո Հայաստանի հանդեպ հետաքրքրությունն ավելի մեծացավ, քանի որ տրված են թե’ մաքսային, թե’ հարկային արտոնություններ: Կարելի է հուսալ, որ այդ առևտրատնտեսական հարաբերությունները սերտանան»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Կարեն Մարտիրոսյանը: Նա նշեց, որ եթե Տոմսկի մարզից ժամանած պատվիարկության հետ երկու տարի առաջ Երևանում, Վանաձորում, Ստեփանավանում կազմակերպել են հանդիպումներ, ապա Ուդմուրտիայի հետ կապեր առաջին անգամ են փորձում հաստատել: «Տոմսկի մարզից արդեն գալիս են երկրորդ անգամ, նախորդ անգամ երկու տարի առաջ են եկել, լուրջ աշխատեցինք, բիզնես-ֆորում անցկացրեցինք ոչ միայն Երևանում, այլև Վանաձորում և Ստեփանավանում: Կրկին ավելի կոնկրետ պատվիրակությունով են եկել: Ուդմուրդիայի հետ կապ հաստատելու առաջին փորձն է, տեսնենք` ինչ արդյունքներ կլինեն: Տոմսկի դեպքում մեծ նախապատրաստական աշխատանք տարվել է, մենք ակնկալում ենք այսօր գոնե մեկ պայմանագրի ստորագրություն»,-հայտնեց Երևանի առևտրաարդյունաբերական պալատի տնօրենը:
Նրա խոսքով` հայկական կողմից մասնակցող մոտ 80 ընկերությունների մեծամասնությունը ներկայացնում է ոսկեգործության, գյուղմթերքների, կոնյակագործության, ավտոմոբիլային մարտկոցների ոլորտները: «Ցանկալի կլիներ, որ մեր առաջարկությունները շատ ավելի լայն լինեին, բայց այսօր ինչ ունենք դա ենք ներկայացնում, ոնց որ թե ռուսական շուկան դրան արձագանքում է»,-նկատեց պաշտոնյան:
Ուդմուրտիայի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վլադիմիր Ռազումկովի խոսքով` առիթ է ընձեռնվել հանդիպել հայ արտադրողների հետ, հաստատել կապեր և համագործակցության հիմքեր ստեղծել: «Այդ նպատակով մեր պատվիրակության մասն են կազմում դինամիկ զարգացող 5 ընկերություն, որոնք կարող են առաջարկել իրենց ապրանքները, ծառայությունները հայ գործարարներին:
Մեր ընկերությունները ծառայություններ են առաջարկում գազի եռակցման սարքավորումների և փականների, փաթեթավորման, գյուղատնտեսական ձեռնարկությունների և սննդի արդյունաբերության համար մասնագիտացված լվացող և ախտահանիչ միջոցների արտադրության, կազմակերպություններում աշխատանքի պաշտպանության աութսորսինգի և այլ ուղղություններով»,-նշեց հյուրը:
Ռուսաստանյան գործարարների պատվիրակությունը Երևանում կգտնվի 5 օր, կանցկացվեն «բանակցային հարթակ» ձևաչափով հանդիպումներ հայ և ռուս գործարարների միջև: Պլանավորվում է անցկացնել 70 երկկողմ հանդիպում: