Նարեկ Սարգսյանը հանձնարարել է կատարել աղետի գոտում գտնվող չօգտագործվող արտադրական շենքերի հաշվառում
ОбществоՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը սեպտեմբերի 15-ին կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում առաջիկա ամիսներին իրականացվելիք խնդիրների ցանկում կարևորել է հոկտեմբերի 5-ին՝ Ճարտարապետի միջազգային օրվա շրջանակում նախարարության ծրագրերն ու միջոցառումները, Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի 25-ամյա հոբելյանը՝ այդ համատեքստում հանձնարարություններ տալով համապատասխան ստորաբաժ անումներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարն անդրադարձել է մի շարք կարևոր խնդիրների, այդ թվում նաև օրենսդրական նախաձեռնությունների (ճարտարապետական գործունեության, Երևանի Փոքր կենտրոնի մասին, վաստակավոր շինարարի կոչման վերաբերյալ օրենքներ) ընթացքին, ինչպես նաև ԱԳՆ նոր շենքի շինարարության ավարտին և աղետի գոտում նախարարության կողմից իրականացվող գործընթացներին՝ շեշտելով վերջիններս խոստացված ժամկետում ավարտին հասցնելու կարևորությունը:
Նա հանձնարարել է նախարարի տեղակալներին աղետի գոտում գտնվող չօգտագործվող արտադրական շենքերի հաշվառում կատարել, որոնք կարող են լուրջ բազա հանդիսանալ տվյալ տարածքներում մի շարք սոցիալական խնդիրներ լուծելու համար:
Նա միաժամանակ հանձնարարել է նախարարի խորհրդական Ա. Սարգսյանին մշակել ՀՀ քաղաքաշինության նախարարություն-Հ/Կ-ներ համաձայնագրի նախագիծ, որով հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ոլորտում գործունեություն ծավալող մի շարք կազմակերպություններ ևս հնարավորություն կունենան միջին և բարձր ռիսկայնության օբյեկտների նախագծերի նկատմամբ հասարակական փորձաքննություն իրականացնել:
Քաղաքաշինության նախարարն անդրադարձել է նաև «Հին Երևան» և «Ֆիրդուսի» քաղաքաշինական ծրագրերին` հույս հայտնելով, որ խնդրի առարկա ներդրումային ծրագրերի սկիզբը լուրջ խթան կարող է դառնալ հանրապետությունում շինարարության տեմպերի աճի առումով: