ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի պատվիրակությունն այցելել է ՀՀ ոստիկանություն
ОбществоՈստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը՝ խորհրդատու Դեն Օ՝Դոնելի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել են նաև ոստիկանության շտաբի և ինֆորմացիոն կենտրոնի ծառայողներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ողջունելով հյուրերին՝ Նելլի Դուրյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ տարիների ընթացքում ձևավորված համագործակցությունն ու հույս հայտնել, որ գործընկերային հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել: Այնուհետև հյուրերին ներկայացվել են ոստիկանությունում իրականացվող աշխատանքները՝ անչափահասների կողմից կատարվող իրավախախտումների ու հանցագործություն ների արդյունավետ կանխարգելման, նրանց իրավագիտակցությունը բարձրացնելու եւ իրավունքները պաշտպանելու ուղղությամբ: Ներկայացվել է նաև ոստիկանությունում վիճակագրության վարման գործընթացը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դեն Օ՝Դոնելն իր հերթին ներկայացրել է անչափահասների կողմից և նրանց նկատմամբ կատարված հանցագործությունների հաշվառման միջազգային չափորոշիչները, որոնք կարող են նպաստել վիճակագրության վարման և վերլուծության գործընթացի արդյունավետության բարձրացմանը:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել աշխատանքները` առկա ակտիվ համագործակցության միջոցով լավագույն արդյունքներ ստանալու նպատակով: