Քիմ Քաշքաշյանը վարպետության դաս անցկացրեց երևանցի ալտահարների համար
Культура«Գրեմմի» մրցանակի դափնեկիր, հայազգի ալտահար Քիմ Քաշքաշյանը սեպտեմբերի 16-ին Երևանում վարպետության դաս անցկացրեց հայ ալտահարների համար:
Ճանաչված երաժիշտը լսեց ալտահարների կատարումները, խորհուրդներ տվեց նրանց, շտկումներ կատարեց այս կամ այն ստեղծագործության կատարման ընթացքում: «Ստեղծագործության լավ կատարումը նշանակում է, որ դու հարգում ես կոմպոզիտորին»,-իր խորհուրդը երիտասարդներին հղեց Քիմ Քաշքաշյանը:
Ճանաչված ալտահարուհին շատ էմոցիոնալ էր վարպետության դասի ժամանակ. նա շատ էր ուրախանում, երբ իր խորհուրդն արդյունք էր տալիս և երաժիշտները ճիշտ էին նվագում այս կամ այն գործը:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորան ավարտած ալտահար Արփինե Մարկոսյանը տպավորված է Քիմ Քաշքաշյանի վարպետության դասից: «Բախի առաջին սյուիտը ներկայացրի: Շատ հետաքրքիր էր, շատ լավ բաներ ասաց, որ կկիրառեմ հետագայում: Գիտեի Քիմ Քաշքաշյանի մասին, բայց առաջին անգամ էի մասնակցում վարպետության դասի»,- նշեց նա:
Քիմ Քաշքաշյանը մեր երկրում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավերով` մասնակցելու Երևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնին, որն այս տարի նվիրվում է իրադարձության կազմակերպիչ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-րդ հոբելյանին:
Քաշքաշյանը ծնվել է 1952թ Դեթրոյթում, ալտ է սովորել Քարեն Թաթլի և լեգենդար ալտահար Ուոլթեր Թրամփլերի մոտ: Նա հաճախակի մասնակցում է ԱՄՆ-ի և Եվրոպայի խոշոր փառատոներին, ծավալում է մանկավարժական գործունեություն: Համագործակցել է կոմպոզիտորներ Գուբայդուլինայի, Պենդերեցկու, Գիա Կանչելիի, Կուրտագի, Տիգրան Մանսուրյանի, Պյարտի, Բերիոյի և Էթվոշի հետ։ 2013 թվականին արժանացել է «Գրեմմի» մրցանակի՝ «Լավագույն դասական գործիքային սոլո կատարում» անվանակարգում։