Եվրախորհրդարանի փոխնախագահը Ավստրիայի արտգործնախարարին կոչ է արել չայցելել Ադրբեջան
Международные новостиԱվստրիայի Կանաչների շարժման առաջնորդ, Եվրախորհրդարանի փոխնախագահ Ուլրիկե Լունաչեքը կոչ է արել Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցին` հրաժարվել Ադրբեջան կատարելիք աշխատանքային այցից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:
Լունաչեքը նշել է, որ Ավստրայի արտգործնախարարն այդ քայլով պետք է իր բողոքն արտահայտի առ այն, որ Բաքվի իշխանությունները հրաժարվել էին մուտքի արտոնագիր տրամադրել ավստրիացի լրագրող Յուտե Բաուերին, ով պետք է ուղեկցեր Կուրցին Ադրբեջան կատարելիք այցի ժամանակ: Լրագրողին Ադրբեջանում մեղադրել էին առանց իրենց թույլտվության Լեռնային Ղարաբաղ այցելելու մեջ և ներառել էին «սև ցուցակում»:
Եվրախորհրդարանի փոխնախագահը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ավստրիացի լրագրողի մուտքն Ադրբեջան արգելվել է այն դեպքում, երբ շարունակ խոսվում է այստեղ լրատվամիջոցների ազատության սահմանափակումների և ճնշումների մասին: