Արարատի մարզի բնակիչները ձեռք են մեկնում Սիսիանի եւ Ճամբարակի զինվորներին
Общество«Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական ծրագրի շրջանակներում Արարատի մարզի Արտաշատի, Մասիսի եւ Արարատի տարածաշրջանների հավատավոր ժողովուրդը մարզի եկեղեցիների հոգեւոր հովիվների եւ գյուղապետների նախաձեռնությամբ սեպտեմբերի 16-ի երեկոյան եկեղեցիներում կուտակեց Արարատյան դաշտի բերք ու բարիքներից, ավելացրեց նաեւ ծխախոտ, քաղցրավենիք, թեյ, սուրճ, հանգանակությամբ կուտակեց նաեւ դրամ: Սեպտեմբերի 17-ի վաղ առավոտյան բեռնավորված մեքենաները հոգեւոր հովիվների ուղեկցությամբ Արտաշատի Սբ Հովհաննես եկեղեցու մոտից բռնեցին Սիսիանի եւ Ճամբարակի ճամփան:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Մրգավանի Սբ Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Դավիթ քահանա Կյուրեղյանն ասաց, որ ծրագիրը կյանքի է կոչվել 2014 թվականին` Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ինչպես նաեւ Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական Փոխանորդ Տեր Նավասարդ Կճոյանի նախաձեռնությամբ` Սբ Սարգսի տոնի օրը կազմակերպված ճաշի ժամանակ:
«Այդ օրն իր մեջ մեծ խորհուրդ ունի, Սբ Սարգիսը նույնպես զինվոր էր եւ իր զինվորների հետ մարտնչում էր հանուն քրիստոնեական հավատքի: Նույն Աստվածային զորությամբ այսօր մեր զինվորները պաշտպանում են նորանկախ հանրապետության սահմանները եւ համարձակությամբ ու խիզախությամբ հետ են շպրտում թշնամու յուրաքանչյուր հարձակում, եւ դրանով իսկ պաշտպանում են մեր հայրենիքը, սահմանները, մեր հավատն ու եկեղեցին, մեր անկախությունը, որը փառավորապես կնշենք սեպտեմբերի 21-ին»,-իր խոսքում ասաց հոգեւոր հայրը` ավելացնելով, որ արդեն քանի օր է, որ երիտասարդ զինվորների կողքին են մեր վետերան երկրապահները, որոնք իրենց ներկայացությամբ ոգեշնչում են իրենց թոռներին, զավակներին, երիտասարդ զինվորներին: «Եվ այսօր մենք եւս մենք անգամ ապացուցեցինք, որ մենք մեր զինվորի կողքին ենք»,-իր խոսքը եզրափակեց նա:
Լիլիթ Մաճկալյան