Երևանում ընթացիկ տարվա ութ ամիսներին «Շտապ բուժօգնություն»-ը ստացել է 158 999 կանչ
Общество«Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ն Երևան քաղաքում 2015 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ստացել է 158 999 կանչ, ինչը 6440-ով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Լրագրողների հետ սեպտեմբերի 17-ին կայացած հանդիպմանն այս մասին հայտնեց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը : «Այս տարվա ընթացքում մենք արձանագրել ենք, որ առաջին անհետաձգելի օգնությունը ստանալուց հետո հոսպիտալացվել է 31 հազար 453 անձ, ինչը 2404-ով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»,- ասաց Ստեփանյանը: Նա տեղեկացրեց, որ մանկական կանչերը եղել են 16 հազար 91, ինչը 614-ով ավել է նախորդ տարվա հունվար-օգոստոս ամիսների համեմատ:
Նա նկատեց, որ չնայած այս տարվա ամառային ամիսներին օդի միջին ջերմաստիճանը ավելի բարձր էր, քան նախորդ տարի, արևահարության դեպքերը անցած տարվա համեմատ նվազել են 13-ով (60 կանչ): «Մեր ծառայությունը ամառային ամիսների ընթացքում ստացել է սննդային թունավորումներով պայմանավորված 35 կանչ, ինչը 23-ով քիչ է նախորդ տարվա ամառային ամիսների համեմատ: Ընդհանուր առմամբ` խրոնիկ հիվանդությունների առումով մեր կանչերի գերակշիռ մասը սիրտ-անոթային հիվանդություններն են` հիմնականում զարկերակային ճնշման տատանումները և նյարդային հիվանդությունները, իսկ հիվանդ ությունների տեսանկյունից ամենաշատ կանչերը գրանցվում են սուր շնչառական հիվանդությունների դեպքում, երկրորդ տեղում են` վնասվածքները»,-շեշտեց Ստեփանյանը` հավելելով, որ շտապ օգնության նկատմամբ ավելացել է վստահությունը, ինչին նպաստել են բուժանձնակազմերի մասնագիտական վերապատրաստումները, աշխատանքի մեջ գործածվող դեղորայքի և տեխնիկայի մակարդակի բարձրացումը:
Անդրադառնալով «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ ծառայության աշխատանքի որակի վերաբերյալ ստացած բողոքներին` Թագուհի Ստեփանյանն ընդգծեց, որ իրենք ականջալուր են բոլոր բողոքներին և դիտարկումներին: «Շտապօգնության ավտոմեքենան առաջին կարգի զանգերի` սրտի կանգ և այլն, դեպքերում հիվանդին պետք է հասնի 15 րոպեում, մնացած կանչերը դասվում են երկրորդ և երրորդ դասերին` գլխացավեր, ջերմության բարձրացում. այդ դեպքերում մենք տեղեկացնում ենք, որ հիվանդի մոտ կլինենք մոտ 30-40 ընթացքում»,- հայտնեց նա:
«Արմենպրես»-ի այն հարցին, թե արդյոք քաղաքացիների բողոքների հիման վրա եղել են աշխատանքից հեռացված բժիշկներ, նա պատասխանեց, որ այս տարի աշխատանքից ազատվել է երկու բժիշկ. լինում են նաև զգուշացումներ և խիստ նկատողություններ:
Թագուհի Ստեփանյանը նաև տեղեկացրեց, որ Երևան քաղաքը սպասարկող 35 շտապօգնության ավտոմեքենաները օրական սպասարկում են 650-670 կանչ, որի արդյունքում հոսպիտալացվում է 120-130 մարդ: