Մոսկվայի հոգևոր ակադեմիայի պատվիրակությունն այցելել է Մայր Աթոռ
ОбществоՌուս ուղղափառ եկեղեցու Մոսկվայի հոգևոր ակադեմիայի պատվիրակությունը` գլխավորությամբ Մոսկվայի հոգևոր ակադեմիայի ռեկտոր, Վերեյսկիի արքեպիսկոպոս Գերաշնորհ Եվգենիի, սեպտեմբերի 17-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Գևորգյան հոգևոր ճեմարան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, ճեմարանում հյուրերին ընդունել է Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տեր Գարեգին աբեղա Համբարձումյանը:
Հանդիպման ընթացքում խոսվել է վերջին շրջանում երկու հոգևոր հաստատությունների միջև ձևավորված համագործակցության և դրա ընդլայնման հնարավորությունների մասին: Մասնավորաբար, անդրադարձ է կատարվել ուսանողների փոխանակման ծրագրին, դասախոսների վերապատրաստման և փոխադարձ այցելությունների կազմակերպման խնդրին:
Հանդիպման ավարտին հյուրերն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններ, ծանոթացել Հայոց եկեղեցու սրբություններին ու հոգևոր-մշակութային ժառանգությանը: