Գրականություն-բանակ կապն ամրապնդող ժամանակակից ստեղծագործողները մրցանակների արժանացան
ОбществоԳրականություն-բանակ կապն ամրապնդող ժամանակակից ստեղծագործողները մրցանակների արժանացան իրենց գործերի համար: Հայաստանի գրողների միությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ սեպտեմբերի 17-ին անցկացրեց հատուկ մրցանակաբաշխություն, որի նպատակն էր պարգևատրել բանակային և ռազմահայրենասիրական թեմաներով ստեղծագործություններ գրողներին:
«Ապրիլին հայտարարված մրցանակաբաշխության համար ներկայացվել էին ստեղծագործություններ, որոնք մեր բանակի, բանակում ծառայողի և այլ թեմաներով էին: Դրանք արձակի և պոեզիայի նմուշներ էին, և հրատարակվել էին վերջին մեկ տարվա ընթացքում: Հայ գրականության գուցե լավագույն նմուշները ռազմահայրենասիրական ոգով են գրված, ժամանակակից գրողներն այդ շրջանակից դուրս չեն»,- մրցանակաբաշխության մեկնարկին նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Նա ընդգծեց, որ տարիքային սահմանափակում չի եղել, և նման միջոցառում առաջին անգամ է անցկացվում, թեև ցանկություն կա մրցանակաբաշխությունն ամենամյա դարձնել:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը ներկաներին փոխանցեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղերձը:
«Պոեզիա» անվանակարգում առաջին մրցանակը շնորհվեց Խաչիկ Մանուկյանին, «Արձակ» անվանակարգում` Արա Նազարեթյանին: Լավագույն հրապարակախոսության համար առաջին մրցանակ ստացավ Ֆելիքս Բախչինյանը: Մի շարք գրողների հանձնվեցին նաև 2-րդ, 3-րդ կարգի և խրախուսական մրցանակներ: