Սահմանադրական փոփոխությունների նախագծում սեփականության որևէ ձև չի անտեսվել. Վարդան Պողոսյան
ЭкономикаՍահմանադրական փոփոխությունների նախագիծը երաշխավորում է տնտեսական գործունեության ազատությունը` դրանով երաշխավորելով այդ գործունեությամբ զբաղվող ցանկացած անձի իրավունքը:
Այս մասին Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ նախագահի ներկայացուցիչ, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Վարդան Պողոսյանը՝ պատասխաելով ՕԵԿ խմբակցության պատգամավոր Լ ևոն Դոխոլյանի հարցին:
«Մենք նախագծի 10-րդ հոդվածում ամրագրել ենք երկրի տնտեսական կարգը, որը հիմնվում է հիմնականում մասնավոր սեփականության վրա, սակայն, բնականաբար, դա չի բացառում, որ կարող են լինել սեփականության այլ ձևեր ևս: Մասնավորապես, մենք ունենք համապատախան դրույթ համայնքային սեփականության մասին: Ինչ վերաբերում է պետական սեփականությանը, տարբեր խմբակցությունների հետ մեր ունեցած բազմաթիվ հանդիպումների ընթացքում մենք եկել ենք այն եզրահանգմանը, որ պետք է նաև կառավարության իրավասություների մասում նշել, որ կառավարությունը կառավարում է պետական սեփական ությունը»,- ընդգծեց Պողոսյանը:
Վարդան Պողոսյանը հստակեցրեց, որ սեփականության որևէ ձև Սահմանադրության նախագծում չի անտեսվել, և դա լավ հիմք է լինելու երկրի տնտեսական զարգացման համար:
Պատգամավորի դիտարկմանը, թե սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակման ընթացքում հարկավոր էր լսել ոչ միայն իրավագետների, այլ նաև ուրիշ մասնագետների և փորձագետների կարծիքները, Վարդան Պողոսյանը պատասխանեց, որ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում կան նաև տնտեսագետներ՝ առաջին կամ երկրորդ մասնագիտությամբ: «Համենայն դեպս, տնտեսական ոլորտին վերաբերող խնդիրների հետ կապված` հանձնաժողովը միշտ բաց է եղել քննարկումների համար՝ հաշվի առնելու համար նաև ոլորտի մասնագետների կարծիքները»,- ընդգծեց ՀՀ նախագահի ներկայացուցիչը:
Նա նաև պատգամավորներին հորդորեց առաջարկներ ներկայացնել, եթե նախագծում տեսնում են թերություններ և անհարթություններ, որպեսզի քննարկումների արդյունքում հնարավոր լինի կարգավորել այդ բացերը: