ՀՀ գյուղնախարարությունը հավաստիացնում է` ոչ մի կիլոգրամ խաղող չի մնա գյուղացու մոտ
ЭкономикаՉնայած հանրապետությունում խաղողի առատ բերքին, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հավաստիացնում է, որ ոչ մի կիլոգրամ խաղող չի մնա գյուղացու մոտ, ողջ բերքը կմթերվի: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, արձագանքելով Արարատի և Արմավիրի մարզերի գյուղացիների բողոքին` կապված մթերումների հետ, գյուղնախարար Սերգո Կարապետյանը մեկնել է Արարատի մարզ, հանդիպել թե’ գյուղացիների, թե’ վերամշակողների հետ, խորհրդակցություն անցկացրել մարզպետարանում` փորձելով կարգավորել առաջացած խնդիրը:
«Այս տարի բերքն առատ է, չենք հասցնում մթերել, սակայն վերամշակողների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ոչ մի կիլոգրամ խաղող չի մնա գյուղացու մոտ»,- հավաստիացրեց գյուղատնտեսության փոխնախարարը: Նա տեղեկացրեց, որ թեև վերամշակողներն ունեն ծրագրավորած ծավալ, որը պետք է մթերեն, սակայն, հաշվի առնելով, որ բերքն այս տարի ավելին է, քան նախորդ տարի, նրանք պատրաստ են մթերել պլանավորածից ավելի` հասկանլով, որ դրա արդյունքում ստացած արտադրանքը մեկ տարվա համար չէ: Մակարյանը հավաստիացրեց նաև, որ կպահպանվի նախորդ տարվա մթերումների գինը :
«Արմենպրես»-ի ստացած տեղեկություններով` Արմավիրի մարզի բնակիչները սեպտեմբերի 18-ին փակել էին Երևան-Արմավիր ճանապարհը` պահանջելով լուծել խաղողի մթերման խնդիրը: