Ֆրանսահայ Ժորժ Կևորկյանի գրքում ներկայացված են Մուսալեռան հերոսամարտի բացառիկ լուսանկարներ և փաստաթղթեր
КультураՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում սեպտեմբերի 18-ին անցկացվել է ֆրանսահայ Ժորժ Կևորկյանի «Ֆրանսիական ռազմածովային նավատորմի օգնությունը հայերին» գրքի շնորհանդեսը: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, բացվել է նաև մուսալեռցիների կենցաղին նվիրված ժամանակավոր ցուցադրու թյան:
ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը գրքի հեղինակին պարգևատրել է «Ֆրանց Վերֆել» ոսկե հուշամեդալով: Կևորկյանի գրքում Մուսալեռան հերոսամարտի վերաբերյալ բացառիկ արխիվային լուսանկարներ և փաստաթղթեր կան, որոնք հայերեն հրապարակվում են առաջին անգամ:
Նախատեսվում է Այնճարում բացել թանգարան՝ նվիրված Մուսալեռան հերոսամարտին: Հայկ Դեմոյանն ապագա թանգարանի համար մուսալեռցիներին է նվիրել ֆրանսիական «Իլյուստրասիոն» և «Միրոր» պարբերականների 1915 թվականի հոկտեմբերի երկու համարներ, որտեղ դեպքերից մեկ ամիս անց հրապարակվել են լուսանկարներ մուսալեռցիների տարհանումից:
Հայկ Դեմոյանը ներկայացրել է նաև Ֆրանսիայի վիցե-ադմիրալ Լյուի Դարտիժ դե Ֆուրնեի հուշերը՝ հրատարակված 1914-1916 թվականներին, որտեղ նա երկու էջով անդրադարձել է նաև Մուսալեռան ինքնապաշտպանությանը: «Մուսալեռցիներն իրենց երեխաներին սավաններում բարուրած՝ ձեռքից ձեռք փոխանցում էին ֆրանսիացի նավաստիներին: Այդ երեխաներն այն ժամանակ չգիտեին, որ Մովսեսի նման վերածնվում են ջրից»,-գրել է ֆրանսիական նավատորմի հրամանատարը: