Երևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում կանցկացվի կամերային երաժշտության երեկո
КультураԵրևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում կանցկացվի կամերային երաժշտության երեկո:
Ինչպես տեղեկացրին փառատոնի կազմակերպիչ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից, համերգը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Երեկոյի ընթացքում հանդես կգան մենակատարներ Բարրի Դուգլասը (դաշնամուր, Իռլանդիա), Վենցել Ֆուքսը (կլարնետ, Գերմանիա), Ալեքսանդր Չաուշյանը ( թավջութակ, Մեծ Բրիտանիա) և Լևոն Չիլինկիրյանը (ջութակ, Մեծ Բրիտանիա): Ծրագրում կհնչեն Բրամսի գործերը:
Երևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնը մեկնարկեց սեպտեմբերի 10-ին` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացված համերգով, որի ընթացքում Ֆիլհարմոնիկը ելույթ ունեցավ հանրաճանաչ ջութակահար Վադիմ Ռեպինի հետ:
Փառատոնն անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո և Մշակույթի նախարարության աջակցությամբ: Իրադարձության որոշ համերգներ կնվիրվեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հյուրերի թվում է նաև ճանաչված ալտահար Քիմ Քաշքաշյանը: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը: Այն կեզրափակվի հոկտեմբերի 28-ին և կներառի մի շարք համերգներ: