Ի՞նչ նոր անակնկալներ են սպասվում «Ամենախելացին» նախագծի երկրորդ եթերաշրջանում
LifestyleBlogmews.am-ը գրում է.
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 18:30-ին, «Արմենիա» հեռուստաընկերության նոր եթերաշրջանում «Ամենախելացին» նախագիծը կրկին կդառնա իրենց գիտելիքները հարստացնել ցանկացող հեռուստադիտողների ուղեկիցը: Նախագծի ստեղծագործական կազմը խոստանում է, որ նոր եթերաշրջանում ավելի հետաքրքիր մասնակիցներ կլինեն, ինչպես նաև չեն մոռանա խրախուսական նվերների մասին:
Blognews.am-ը ներկա է եղել երկրորդ եթերաշրջանի առաջին հաղորդման նկարահանմանը:

Հաղորդման գլխավոր խմբագիր Կարեն Քոչարյանը մեզ հետ զրույցում ամփոփելով առաջին եթերաշրջանը, նշեց, որ այն բավականին հաջողված էր. «Սա երևի թե առաջին նախագիծն էր, որի մասին գոնե մեկ վատ կարծիք չեմ լսել, ինչը մեծ բան է: 20 տարի լինելով հեռուստատեսությունում՝ հասկանում եմ, թե ինչ եմ ասում: Արդեն երբ հավաքում էինք երկրորդ եթերաշրջանի մասնակիցներին, զգացինք և՛ լավ, և՛ վատ կողմերը: Լավն այն էր, որ երեխաները հասկացան, որ իրենք իրենց խելքով կարող էին դառնալ իրենց գյուղի, քաղաքի հերոսները, իսկ վատն այն էր, որ մի փոքր կաշկանդվածություն զգացինք այն առումով, որ գալիս էին այն երեխաները, ովքեր վստահ էին իրենց ուժերի վրա, այսինքն՝ մենք ունեցանք կորուստ քանակի մեջ, բայց որակապես չենք տուժել»։
Այս եթերաշրջանում փոխվել է երեխաների տարիքային խումբը. եթե առաջին եթերաշրջանում խաղում էին 12-13 տարեկան երեխաները, ապա հիմա խաղում են 14-15 տարեկանները: Նախագծի տնօրեն Նվեր Ղազարյանը չմոռացավ նշել առաջին եթերաշրջանի հաղթող Բարսեղ Աթանյանի հաջողությունների մասին. «Մենք նրա հետ սերտ կապի մեջ ենք: Հետևել ենք նրա հաջողություններին՝ իմանալով, թե երբ գնաց «Ծիծեռնակ» ճամբար, ինչ հաջողություններ գրանցեց Մեծ Բրիտանիայում երկշաբաթյա ուղևորության շնորհիվ: Նա շատ հետաքրքիր ժամանակ է անցկացրել այնտեղ, շատ ոգևորված էր, և կարծում եմ՝ մենք մեր առջև դրված խնդիրը լիարժեք կատարեցինք ու կարողացանք մեր մասնակիցների համար հիշարժան ամառային արձակուրդ ապահովել»։
Նվերն ավելացրեց, որ այս եթերաշրջանում էլ Կրթության և գիտության նախարարության կողմից ամառային ճամբար կլինի, «Տաշիր» բարեգործական հիմնադրամն այլ հետաքրքիր անակնկալներ է խոստացել, իսկ «Ucom» ընկերությունը գիտելիքները հարստացնող հետաքրքիր գրքեր կնվիրի մասնակիցներին:

Նախագծի հաղորդավար Նազենի Հովհաննիսյանն էլ խոստովանեց, որ հաղորդումը շատ էր կարոտել. «Այս նախագիծը կարոտում են նաև հեռուստադիտողն ու այն մարդիկ, ովքեր ինչ-որ չափով կապված են այս ամենի հետ: Ինձ համար այն նույնպես գիտելիքները հարստացնելու մի ճանապարհ է: Այնպես չէ, որ մենք դպրոցն ավարտելուց հետո գիտենք ամեն ինչ, և եթե ես վարում եմ այս նախագիծը, ապա գիտեմ ամեն ինչ: Հետաքրքիր ու հաճելի պահը, որ կա այս նախագծում, նոր սերունդն է, որի ներկայությամբ ավելի պաշտպանված ես զգում: Իսկ երբ տեսնում ես, թե ինչպես են այս երեխաների ծնողներն ուշադրություն դարձնում իրենց երեխաների կրթությանը, ավելի ես ոգևորվում»։
«Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Արտակ Ճաղարյանն էլ նշեց, որ նախագծի հաջողության գրավականն առաջին հերթին տաղանադավոր երեխաներն են, որոնցով արժե հպարտանալ, ապա շոուները, որոնք բավականին հետաքրքրություն առաջացրին բազմահազար հեռուստադիտողների և երեխաների շրջանում: «Երկրորդ եթերաշրջանից էլ մեծ ակնկալիքներ ունեմ, քանի որ տարիքով մեծ երեխաներ են: Հույս ունեմ, որ գիտելիքների հորիզոնն ավելի մեծ կլինի»,-հավելեց Արտակը:
Նշենք, որ առաջին հաղորդմանը ներկա էր նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով հաջողություն մաղթեց բոլոր մասնակիցներին՝ ասելով. «Այս եթերաշրջանն ապացույցն է, որ նախագիծը ստացված է, քանի որ ինքնին դա հսկայական ջանքեր էր պահանջում: Այն չմնաց տաղավարում, այլ մտավ ընտանիքներ, դպրոցներ, ինչպես նաև երեխաների միտքը, և, վստահաբար, այն խթան է ավելի լավ սովորելու համար, քանի որ խելացի մարդը տեղ ունի մեր երկրում և իր խելքով կարող է վաստակել արտերկրում սովորելու հնարավորություն: Թող մասնակիցները երբեք չփոխեն խաղի կանոնները, բայց միշտ փոխեն իրենց ողջունող նախարարներին, այսինքն՝ ցանկանում եմ, որ նախագիծն այդքան երկար կյանք ունենա»:
