Իտալիայի Ֆորլի քաղաքում կայացել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ
КультураԻտալիայի Ֆորլի քաղաքի Սան Դոմենիկո համերգասրահում սեպտեմբերի 16-ին կայացել է Էմիլիա Ռոմանիա երաժշտական փառատոնի եզրափակիչ համերգը՝ Սոնա Հովհաննիսյանի ղեկավարած «Հովեր» պետական կամերային երգչախմբի ելույթով: Համերգը նվիրված է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը նախքան համերգը հանդիպում էր ունեցել Ֆորլիի քաղաքապետ Դավիդե Դրեյի հետ և քննարկել տեղական ինքնակառավարման մակարդակով հայ-իտալական կապերը զարգացնելու հնարավորությունները:
Համերգի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել դեսպան Սարգիս Ղազարյանը և Ֆորլիի քաղաքապետ Դավիդե Դրեյը: Դեսպանը խոսել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդի, հայ և իտալացի ժողովուրդների դարավոր բարեկամության, իտալահայ համայնքի մասին: Քաղաքապետ Դավիդե Դրեյն իր ելույթում կարևորել է ցեղասպանությունների կանխարգելումը՝ այդ նպատակով անհրաժեշտ համարելով հիշողության պահպանումը:
Համերգում հնչել են հայ և արևմտյան կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Համերգին ներկա են եղել փառատոնի ղեկավար Մասսիմո Մերչելլին, Ֆորլիի քաղաքական, մշակութային ու հասարակական շրջանակների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Դեսպան Սարգիս Ղազարյանը հարցազրույց է տվել RAI հանրային հեեռուստատեսության նահանգային ծառայությանը: Համերգը լայնորեն լուսաբանվել է իտալական մամուլում: