Հայաստանում սիրիահայերի մեծագույն խնդիրը մնում Է բնակարանավարձը
ОбществоՀայաստանում սիրիահայերի մեծագույն խնդիրը բնակարանավարձն է: Արմենպրեսի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 19-ին Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին ասաց ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Հովիկ Եորդեկյանը, ով հավելեց նաև, որ այս խնդրի լուծման համար ՀԲԸՄ-ն շարունակում է ռեսուրսներ հավաքել իր գաղութային մասնաճուղերում:
«ՀԲԸՄ կողմից հիմնված սիրիահայության օգնության համար նախատեսված հիմնադրամը անցնող ժամանակահատվածում հանգանակությունների և դրամահավաքների միջոցով կարողացել է հավաքել շուրջ 2,300 հազար ԱՄՆ դոլար: Միության օգնության ծրագրերի ծանրակշիռ մասը կենտրոնացվել է մեծամասամբ հենց Սիրիայի հայաշատ քաղաքներում՝ մարդասիրական շտապ օգնության տեսքով, ինչպես նաև սիրիայում գտնվող դպրոցների և այլ հայկական կառույցների պահպանման համար», - նշեց Հովիկ Եորդեկյանը:
ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը հավելեց, որ Հայաստանում, սիրիական ճգնաժամի մեկնարկից ի վեր հիմնադրամն օգնություն է տրամադրում Սիրիայից գաղթած հայերին, անցնող երեք տարիներին ֆինանսական աջակցություն է տրամադրվել բնակարանավարձի փոխհատուցման, առողջապահական, ֆինանսական աջակցության, սննդի, գյուղտեխնիկայի աջակցության և այլ ծրագրերի համար: