Այսօր որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ փորձում են «կռուտիտ անել».Վաղինակ Շուշանյան
ОбществоԻնչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր` սեպտեմբերի 21-ին, ՀՀ անկախության տոնին, մի խումբ երիտասարդներ «Հայազն» կուսակցության գլխավորությամբ ինքնիշխանության բողոք-երթ են կազմակերպել դեպի ՀՀԿ գլխավոր գրասենյակ, որն արդեն մեկնարկել է: Երիտասարդները կարծում են, որ այսօր Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը մեծապես վտանգված է:
Ըստ Վաղինակ Շուշանյանի՝ միակ ձեռքբերումը, որը Հայաստանն ունեցել է 24 տարիների ընթացքում, Խորհրդային Միության լծից ազատվելն էր: Որպես երկրորդ ձեռքբերում՝ նա տեսնում է Անկախությունից հետո ծնված` պայքարող սերունդը: «Երտասարդները փորձում են պայքար տանել իրական անկախություն ձեռք բերելու համար: Այս 24 տարիների ընթացքում չենք ունեցել անկախություն այնքանով, որ չենք ունեցել լեգիտիմ ընտրված ղեկավարներ: Վերջին երկու նախագահները Հայաստանը ծախել են, ինչ վերաբերում է ՀՀ առաջին նախագահին, ապա նա ավելի լավ կարող էր ղեկավարել երկիրը, թեպետ վիճակը պատերազմական էր»,- ասում է նա:
Վաղինակ Շուշանյանը պնդում է, որ երիտասարդների բողոքն ուղղված է ներկայիս իշխանության կառավարման մոդելի դեմ, որով նրանք առաջնորդվում են: «Երկիրը ղեկավարող կուսակցությունում հավաքված են քրեաօլիգարխիկ շատ մարդիկ, որոնք ցանկացած կերպով վնասում են ժողովրդին»,- նշում է Վ. Շուշանյանը՝ անցում կատարելով սոցիալականից դեպի քաղաքական հարթություն անցած հարցերին: «Ցանկացած սոցալական հարց բարձրացնելու ժամանակ, երբ հարցը չի լուծվում սոցիալական հարթությունում, միանշանակ, այն պետք է տեղափոխել քաղաքական դաշտ: Կոնկրետ չեմ հիշում, թե որ երկրում էր, բայց այնտեղ հեղափոխությունն սկսեց աղի գնի բարձրացման պատճառով»,- ասաց Վ. Շուշանյանը:
Ըստ ակտիվիստի՝ իրենք հստակ պահանջներ են դնում, քանի որ որոշ քաղաքական ուժի ներկայացուցիչներ ՀՀ նախագահի հետ հանդիպումից հետո հետ են կանգնել իրենց սկզբունքներից: «Եթե մինչեւ Սերժ Սարգսյանի հետ ձեռք սեղմելը որոշ անձինք դեմ էին Սահմանադրական փոփոխություններին, այսօր արդեն նրանք փորձում են «կռուտիտ անել» ու ասել, որ մենք ոչ թե դեմ էինք փոփոխություններին, այլ ուղղակի կարծում էինք, որ դեռ ժամանակը չէ»,- ասաց նա:
Սոսե Չանդոյան