«Ալեքսանդրապոլ-Գյումրու քաղաքային մշակույթը» ցուցահանդեսը ներկայացրել է 20-րդ դարասկզբի քաղաքային կենցաղը
Культура«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում Հայաստանի անկախության օրվան նվիրված միջոցառումներն սկսվել են Էջմիածնում տեղակայված N զորամասին զինծառայողների ռազմահայրենասիրական քայլերգով: Ապա արգելոց-թանգարանի տարածքում կայանացած զինվորական հանդիության ընթացքում Անկախության տոնի առթիվ ելույթ են ունեցել բարձրաստիճան զինվորականներ, պարգևատրվել են զինծառայողներ: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այնուհետև զինծառայողները թանգարանում մասնակցել են «Ալեքսանդրապոլ-Գյումրու քաղաքային մշակույթը» ցուցահանդեսի բացմանը:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ և Երևանի պատմության թանգարանի համատեղ ջանքերով «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում իրականացվող «Ալեքսանդրապոլ-Գյումրու քաղաքային մշակույթը» ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել XIX դարի վերջի և XX դարասկզբի քաղաքային կենցաղն ու մշակույթը: ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող լուսանկարների և չափագրությունների միջոցով ցուցադրվել է Ալեքսանդրապոլի ժողովրդական ճարտարապետությունը, իսկ Երևանի պատմության թանգարանի ֆոնդերում պահվող իրերով ներկայացվել է տվյալ ժամանակաշրջանի խոհանոցը և ննջասենյակը, հավաքվել է միջին դասի քաղաքային բնակարանի ինտերյեր: Ներկայացվել է նաև նյութական ու հոգևոր մշակույթը` թատրոնը, դպրոցը և երաժշտությունը` պաստառների ու այլ իրերի միջոցով: Ցուցադրությունն սկսվել է Հայաստանի հնագույն քաղաքներից մեկի` Ալեքսանդրապոլի հատակագծի ներկայացմամբ: Այն հիմնական ֆոնդում պահվող Ս. Մաթևոսյանի անձնական արխիվից է:
Անկախության տոնի 24-ամյակին նվիրված ցուցադրությանը հաջորդել է տոնական համերգ, որի ընթացքում կատարումներով են հանդես եկել «Տարոնցիներ», «Հուշեր» պարային համույթները, երգիչ-երգչուհիներ Ասատուր Ասլանյանը, Տիգրան Հայորդին, Արուս Գուլանյանը, Մադլեն Ասրյանը և Լարիսա Հակոբյանը: Միջոցառումը վարել են ասմունքող, հաղորդավար Ջիվա Սարգսյանը և Աիդա Ալեքսանյանը: