Դաժան ծեծի ենթարկված ազատամարտիկը ճանաչել է Ռուբեն Հայրապետյանի նախկին թիկնապահին
ОбществоՍուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում բուժօգնություն է ստանում երեկ ինքնիշխանության երթից հետո դաժան ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը: Տեղեկացնենք, որ այս պահին հիվանդանոցի շքամուտքի մոտ են հավաքվել բազմաթիվ ազատամարտիկներ եւ մի խումբ երիտասարդներ, ովքեր իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ կապված տեղի ունեցածի հետ:
Թեպետ ազատամարտիկը վերակենդանացման բաժանմունքից արդեն տեղափոխվել է սենյակ, այնուամենայնիվ, վիճակը ծանր է: Ծեծված ազատամարտիկն ստացել է կրկծքավանդակի վնասվածք, կողի կոտրվածք, վնասվել է թոքը (որի հետեւանքով էլ օդը լցվել է թոքը, խոռոչը դրենավորված է), քթի ոսկրերի կոտրվածք, դեմքի բազմաթիվ պատռվածքներ ու վերքեր:
Ստորեւ ներկայացնում ենք ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի հայտարարությունը դեպքի առնչությամբ:
«Երեկ` սեպտեմբերի 21-ին, մի խումբ երիտասարդների հետ փոքր ակցիա էինք կազմակերպել Հանրապետական կուսակցության գլխավոր գրասենյակի մոտ` Մելիք-Ադամյան փողոցի վրա: Ոստիկանության ուղեկցությամբ մենք եկել ենք այնտեղ՝ նախապես տեղյակ պահելով նրանց, որ ակցիան խաղաղ բնույթի է եւ որ որեւէ մեկին կամ ճարտարապետական կառույցի վնաս տալու ցանկություն չունենք` քարեր նետելու եւ նմանատիպ քայլերի գնալու խնդիր չունենք: Ասացինք, որ հայտարարություն ունենք կարդալու գրասենյակի առաջ, իսկ հայտարարությունը կապված է Հանրապետությունն այսօր ներկայացնելու եւ մեր վաղվա օրվա ու սպասվելիք վտանգների հետ: Մենք ոստիկանության ուղեկցությամբ ակցիան նորմալ անց ենք կացրել, որից հետո ես ոտքով քայլել եմ Աբովյան փողոց, որպեսզի վերադառնամ տուն: «Միլանո» խանութից ոչ հեռու՝ Մարկո Պոլոյի մոտ շինարարություն էր ընթանում: Մեկի ձայնից շուռ եկա: Նա ինձ ասեց, թե Սմբատ էնտեղ էի ուզում մոտենայի, հարմար չէր, քեզ կարեւոր բան ունեմ ասելու, խոսքի ընթացքում ինձ ձեքով հրում էր մետաղյա դարպասներից ներս: Ասացի՝ եթե ասելու բան, կա այստեղ ասա, ինչի՞ ես ուզում ներս գնանք, այդ ժամանակ նրանք ինձ հրեցին` 2-3 հոգով էին: Նրանցից մեկին ես ճանաչում եմ, նախկինում Ռուբեն Հայրապետյանի թիկնազորում էր աշխատում, շատ վաղուց հանդիպել ենք, ձեռքը գցեց վզովս ու ասաց՝ մենք հիմա քեզ կբացատրենք, թե ինչ ենք անում ու սկսեց հարվածել: Ճիշտն ասած՝ ես էլ ինձ չեմ կորցրել, բայց նրանք շատ էին: Շատերը հիմա տարբեր իրարամերժ տեղեկատվություններ են հասցնում, ուզում եմ ասել, որ ես Հայրապետյան Ռուբենի հետ անձնական որեւէ խնդիր չունեմ, մեր մեջ որեւէ վիճաբանություն չի եղել տալ ու առնելու բան էլ չունենք: Մոտ 3 ամիս առաջ պարզապես իմ ու իր միջեւ քաղաքական այս սուր թեմաներով բանավեճ է տեղի ունեցել ու վերջ: Այդ ժամանակ նա ասաց՝ սպասի, կտեսնես: Իհարկե, չեմ ուզում ասել, որ դա ինքն է եղել, թե ոչ, բայց որ այդ մարդը ժամանակին աշխատել է Հայրապետյանի մոտ, փաստ է: Ես որեւէ վկայական չեմ տեսել, ասում են՝ այդ ժամանակ մի տղա լրագրող եկել է, որ ինձ օգնի, ասել են, թե ոստիկանությունը հատուկ միջոցառում է իրականացնում: Հիմա ինձ իրոք շատ վատ եմ զգում»,- ասել է ազատամարտիկը:
Սոսե Չանդոյան