Ազատամարտիկները խոսք են տալիս «սամոսուդի» ենթարկել Սմբատ Հակոբյանին ծեծողներին
ОбществоԱյս պահին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի դիմաց տեղի է ունենում բողոքի ակցիա՝ կապված հայտնի ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին դաժան ծեծի ենթարկելու հետ: Ակցիային մասնակցում են ինչպես մեծ թվով ազատամարտիկներ, այնպես էլ տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների անդամներ:
Ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը կարծում է, որ այս քայլով գուշացնում են, որ մարդիկ հեռու մնան քաղաքականությունից, այլապես վատ կլինի ու «վատն էլ սա էր»: «Անկախության օրը ազատության ու անկախության համար մարտնչող մարդուն ծեծի ենթարկելն ամենամեծ սխալն էր, ով ուզում է լինի, ստանալու է իր արածի համար արժանի պատիժը մեր կողմից: Քանի որ այս երկիրը բեսպրեդելի երկիր է դարձել, ու ով ինչ ուզում, անում է, ասեմ, որ մենք էլ մեր օրենքներն ունենք ու այդ օրենքներով մենք հենց այսօրվանից շարժվելու ենք»,- ասաց ազատամարտիկը: «Մենք միանշանակ վրեժխնդիր ենք լինելու: Մենք հայտարարել ենք, որ մեզ կարող են գնդակահարել, այլ ոչ թե ծեծով վախեցնել»,- ասաց նա:
Ըստ ազատամարտիկների՝ նման քայլերի հիմնական նպատակը հասարակության մեջ վախի մթնոլորտի ստեղծումն է: Հավաքված ազատամարտիկները, սակայն, պնդում են ու հայտարարում, թե «մեր վախը վաղուց են բռնել` ծեծով չեն վախեցնի»:
Ազատամարտիկները համեմատական են անցկացնում օրերս Ադրբեջան փախած հայրենիքի դավաճանի հետ՝ ասելով թե որեւէ տարբերություն չեն տեսնում տվյալ ծեծի ենթարկողների եւ ազգի դավաճանի միջեւ: «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը նշում է, որ երկիր կառուցելու համար նախեւառաջ պետք է սպանել հայի միջի ստրուկին: «Պետք է նաեւ այնպիսի երկիր ստեղծել, որ դավաճաններ չլինեն: Այո´, Վահանը դավաճան է, բայց հարց է առաջանում, թե ինչու է գնացել այդ քայլին»,- նշեց հրամանատարը՝ հավելելով, թե երբ սահմանը գնդակոծում են ու այդ նույն սահմանը պահող զինվորն լսում է, որ իր երկրի անկախության հիմնադիր հրամանատարին ծեծի են ենթարկում, ինչպես պետք է իրեն զգա ու հայրենիք պաշտպանի:
Մանվել Եղիազարյանը կարծում է, որ իշխանությունների բկին կանգնած վերջին ոսկորն ազատամարտիկներն են: «Եթե մեզ ընկճեցին, ձեր հարցերը լուծելը այնքան հեշտ է լինելու, սակայն մենք չենք կոտրվելու»,- ասաց նա:
Սոսե Չանդոյան