Ռումինացի պատգամավորը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ի հետ կապերի խոչընդոտ չի համարում
ОбществоՌումինիայի պատգամավորների պալատի արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի նախագահ Լասլո Բորբելին գտնում է, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը չի կարող խոչընդոտել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը: ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը ռումինացի պատգամավորը հիշեցրեց, որ Ռիգայում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում ԵՄ-ն հաստատ եց, որ պատրաստակամ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ:
«Դուք գիտեք, որ Ռիգայում Եվրամիությունը հայտարարեց, որ շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ: Հայաստանը և Եվրամիությունը համագործակցությունը շարունակելու վերաբերյալ համատեղ հայտարարություն ընդունեցին, այնպես որ խոչընդոտներ այս հարցում ես չեմ տեսնում»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ հայտարարեց Բորբելին:
Միևնույն ժամանակ, ռումինացի պատգամավորը նկատեց, որ Հայաստանն աշխարհաքաղաքական առումով գտնվում է շատ բարդ տարածաշրջանում և, կարևոր որոշումներ կայացնելիս, հարկավոր է շատ զգույշ լինել: Նա ընդգծեց, որ ՀՀ Ազգային ժողովում ունեցած հանդիպումների ընթացքում էլ խոսել է այն մասին, որ նման աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում կայացվող որոշումները պետք է լինեն ռազմավարական: