Բունդեսթագում Հայոց ցեղասպանությանն առնչվող բանաձևի քննարկումը շարունակվում է
ОбществоԲունդեսթագում Հայոց ցեղասպանությանն առնչվող բանաձևի քննարկման գործընթացը շարունակվում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիեսլերը:
«2015 թվականը Հայաստանի համար շատ կարևոր տարի է, այս առիթով Գերմանիում թեժ քննարկումներ են եղել, նախագահն արտահայտվել է այս թեմայով: Այն, ինչ մենք հիմա չունենք, Գերմանիայի պառլամենտի որոշումն է: Որքանով ես տեղյակ եմ` այս աշուն պետք է ակնկալենք այն: Բունդեսթագում հիմա լսումներ են, չեմ կարող հստակ օր ասել, թե երբ պետք է օրինագիծը քննարկվի»,- Արմենպրեսի փոխանցմամբ` նշեց Մաթիաս Քիեսլերը:
Գերմանիայի դեսպանի խոսքով` սեպտեմբերի 22-ին Հայաստան է ժամանել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարար Շտեֆան Դորգերլոհն իր պատվիրակության հետ:
«Մենք երկուսով այցելել ենք Ցեղասպանության թանգարան և հուշահամալիր: Մեզ համար շատ հուզիչ էր: Նախարարը տեղեկացրեց, որ Սաքսոնիան այժմ նոր պատմության դասագրքեր է պատրաստում, որոնց գլուխներից մեկը վերաբերելու է ցեղասպանություններին, ներառյալ` Հայոց ցեղասպանությունը »,-հավելեց Մաթիաս Քիեսլերը:
Դեսպանը շեշտեց, որ հայ-թուրքական հաշտեցումը չպետք է կապված լինի օտար երկրների որոշումներից և ճանաչումից: