Տնտեսական ակտիվությունը 8 ամսում կազմել է 3.9 տոկոս
ЭкономикаՎիճակագրական ծառայությունն այսօր հրապարակեց օգոստոս ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը։ Ըստ այդմ՝ այն կազմել է 3,7 տոկոս։ Ակտիվությունը շարունակել է բարձր լինել գյուղատնտեսության եւ արդյունաբերության ոլորտներում։ Դրական տեղաշարժեր են արձանագրվել նաեւ էներգետիկայում։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գյուղատնտեսության արտադրության ծավալը օգոստոսին ավելացել է 10,8, արդյունաբերությանը՝ 9,7 տոկոսով։ Էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է ավելի քան 15 տոկոսով։ Թեեւ ոչ մեծ, բայց աճ է գրանցվել նաեւ շինարարության ոլորտում։
Այնուհանդերձ ութ ամիսների տվյալներով, տնտեսական ակտիվության ցուցանիշը փոքր- ինչ նվազել է։ Տարեվերջից չորս ամիս առաջ այն կազմել է 3,9 տոկոս։ Հիշեցնենք, որ յոթ ամիսների արդյունքում տնտեսական ակտիվությունը 4,2 տոկոս էր։
Դրա վրա բացասական ազդեցություն են ունեցել հատկապես գյուղատնտեսության ոլորտում տեղի ունեցած զարգացումները։ Թեեւ բարձր ակտիվությունը տնտեսության այս ճյուղում շարունակել է պահպանվել նաեւ օգոստոսին, այնուհանդերձ տարվա միջնամասում արձանագրված բնակլիմայական ոչ այնքան բարվոք վիճակի հետեւանքով աճն ավելի փոքր է եղել հուլիսի համեմատ։ Մի բան, ինչն էլ հանգեցրել է տնտեսության այս ճյուղի ցուցանիշի փոքր-ինչ նվազման։ Յոթ ամիսների 14,8 տոկոսի դիմաց, ութ ամիսների տվյալներով գյուղատնտեսության արտադրանքի աճի կազմել է 13,5 տոկոս։
Չնայած արտաքին հատվածում ձեւավորված ոչ այնքան բարենպաստ միջավայրին, այնուհանդերձ օգոստոսը նպաստավոր է եղել արդյունաբերության համար։ Տարեվերջից չորս ամիս առաջ տնտեսության այս ճյուղում արձանագրվել է 4,4 տոկոս աճ։ Այն թեեւ զիջում է առաջին կիսամյակի արդյունքը, այնուհանդերձ ավելի բարձր է, քան յոթ ամիսների ցուցանիշն էր։
Վիճծառայությունը վերջապես հստակեցրել է արտաքին առեւտրաշրջանառության վերաբերյալ ցուցանիշները։ Տարեսկզբի ութ ամիսներին արտաքին առեւտուրը կրճատվել է գրեթե 20 տոկոսով։ Թեեւ այն գերազանցապես բաժին է ընկել ներմուծմանը։ Ի տարբերություն ներմուծման, արտահանումը նույնիսկ մի փոք՝ 0,5 տոկոսով ավելացել է։
Ընդհանուր առմամբ տարեսկզբի ութ ամիսներին Հայաստանից դուրս է տարվել գրեթե 967 մլն դոլարի ապրանք։ Ներմուծումը կազմել է 2 մլրդ 74 մլն դոլար։
Արտաքին առեւտրի ոլորտի այս զարգացումները նպաստել են արտահանման-ներմուծման հարաբերակցության զգալի բարելավմանը։ Օգոստոսի դրությամբ արտահանումն այլեւս 2,1 անգամ է զիջում ներմուծմանը։ Մինչդեռ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ տարբերությունը հասնում էր 2,9-ի։
Վ.ՔՈՉԱՐՅԱՆ