Դեսպան Չարչօղլյանը հանդիպել է Էլ-Քուվեյթ նահանգապեի հետ
ОбществоՔուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը սեպտեմբերի 21-ին հանդիպել է Քուվեյթի Պետության Էլ-Քուվեյթ նահանգի նահանգապետ Սաբեթ Ալ Մուհաննայի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը նահանգապետ Սաբե թ Ալ Մուհաննային փոխանցել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ջերմ ողջույնները և շնորհավորանքները մուսուլմանների սրբազան Էիդ ալ Ադհա տոնի կապակցությամբ:
Ի պատասխան` նահանգապետը ևս շնորհավորել և իր բարեմաղթանքներն է փոխանցել Հայաստանի եղբայրական ժողովրդին` անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ: Նահանգապետ Ալ Մուհաննան վերահաստատել է նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների նկատմամբ իր հանձնառությունը և վստահեցրել է, որ ամեն կերպ պատրաստ է նպաստել դրանց կյանքի կոչման գործընթացի խթանմանը:
Հանդիպմանը քննարկվել են մայրաքաղաքների միջև համագործակցության հետագա խորացմանը վերաբերող հարցեր, խոսվել է տարատեսակ ոլորտներում փոխգործակցության ամրապնդման և զարգացման մասին, երկուստեք ընդգծվել է իրավապայմանագրային բազային խորացման անհրաժեշտութունը:
Հատուկ կարևորվել է Երևանի և Էլ-Քուվեյթի քույր քաղաքներ դառնալու մասին պայմանագրի ստորագրումը, ինչն Ալ Մուհաննան առաջարկել է իրականացնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջիկա այցի ընթացքում: Այս կապակցությամբ մայրաքաղաքի նահանգապետը հույս է հայտնել, որ պարոն Մարգարյանի այցն էլ ավելի կնպաստի երկու մայրաքաղաքների միջև համագործակցության սերտացմանը բազում ուղղություններով: Սաբեթ Ալ Մուհաննան նշել է նաև, որ լավատեղյակ է և մեծ ակնածանքով է վերաբերվում հայկական մշակույթին, և հնարավորության դեպքում ինքը ևս հաճույքով կայցելի Հայաստան:
Նահանգապետի խնդրանքով դեսպան Չարչօղլյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները: Իր հերթին նահանգապետ Ալ Մուհաննան ներկայացրել է Քուվեյթում իրականացվող ծրագրերն ու աշխատանքները: