«Արարատի գինու գործարան»-ը մթերել է ավելի քան 2500 տոննա խաղող
Экономика«Արարատի գինու գործարան» ՍՊԸ-ն խաղողի մթերման գործընթացը սկսել է սեպտեմբերի 15-ից` առ այսօր մթերելով ավելի քան 2500 տոննա խաղող, 1 կգ-ը` 150 դրամով: Գործարանի տնօրեն Սեդրակ Սարգսյանի տվյալներով` մթերման այս բուռն օրերին 300կգ/ժ հզորությամբ 2 հոսքագծերն աշխատում են առանց դադարի: Ընկերության անձնակազմն աշխատում է խստացված ռեժիմով:
Չնայած ձեռնարկված միջոցառումներին` գործարանի բակում ավելի քան 150 մեքենա դեռ սպասում է իր հերթին: Խաղողագործները ստիպված են լինում երեք օրով գիշերել գործարանի մոտ, ինչի հետեւանքով խաղողի հյութը քամվում է, բերքը կորցնում որակական հատկանիշը, ինչպես նաեւ քաշը: Տնօրենի խոսքով` գործարանի տարածքը փոքր է լայնածավալ մթերում իրականացնելու համար: Գործարանին կից 3 հա-ի վրա արտադրություն ծավալելու համար նա դիմել է պատկան մարմիններին, սակայն խնդիրն առայժմ չի լուծվել: Մթերման այս օրերին իրավիճակը հսկվում է նաեւ մարզային կառույցի ղեկավարների կողմից: Օրերս շրջայցով գործարանում էր մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ով այցի ժամանակ խոստացավ աջակցել նշված խնդրի լուծման հարցում: 3 հա-ի վրա արտադրության ծավալներ ընդլայնելու եւ գործարանի մթերման ծավալները մեծացնելու նպատակով տնօրենը Վրաստանից ներկրել է 15 հատ 20 տոննա տարողությամբ ցիստեռներ: Նախատեսվում է ներկրել եւս 120-ը: Տնօրենը հավաստիացրեց, որ անկախ ամեն ինչից, կմթերի իրենց գործարան դիմած խաղողագործի արտադրած մինչեւ վերջին ողկույզը:
Լիլիթ Մաճկալյան